Փաստ մեկնաբանությամբ

2011 թ. մարդահամարի հարցերի փաթեթը նախորդի համեմատ ավելի ընդգրկուն է

3 րոպեի ընթերցում

2011 թ. մարդահամարի հարցերի փաթեթը նախորդի համեմատ ավելի ընդգրկուն է

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում այս տարվա հոկտեմբերի 12-21-ն անցկացվելիք մարդահամարի հարցերի փաթեթը նախորդ մարդահամարի համեմատ բավականին ընդգրկուն է: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի եւ ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը, հարցերի փաթեթներն արդեն հստակեցված են, կան որոշ դրական փոփոխություններ: Ավելացել են անհատական բնույթի հարցերը, մասնավորապես, կրոնական պատկանելության վերաբերյալ: Փաթեթում ընդգրկված են նաեւ տնային տնտեսություններին վերաբերող հարցեր, օրինակ' արդյո՞ք տվյալ տանը կա համակարգիչ, ինտերնետ կապ գործում է, թե ոչ եւ այլն: Հարցերի մի խումբ էլ վերաբերում է գյուղատնտեսությամբ զբաղվելուն, օրինակ' տվյալ ընտանիքն իր տնօրինության տակ ունի՞ անասնագլխաքանակ կամ որոշակի վարելահողեր եւ այլն: Կան հարցեր ծնունդների, ինչպես նաեւ մահվան դեպքերի գրանցման վերաբերյալ:

Կ. Կույումջյանը նշեց, որ մարդահամարի նախապատրաստական աշխատանքներն ընթանում են բնականոն հունով' ըստ ծրագրվածի: Արդեն ավարտին է մոտենում քաղաքների եւ խոշոր գյուղերի սխեմատիկ հատակագծերի պատրաստման գործընթացը: Միաժամանակ ընթանում են նաեւ տների, շինությունների ցուցակագրումը քաղաքներում ու 5 հազար եւ ավելի բնակչություն ունեցող գյուղերում:

Այդ ամենից հետո, պետք է ծրագրվի' որքան տեղամասեր կստեղծվեն մարդահամարն անցկացնելու համար: Ըստ Կ. Կույումջյանի' պարբերաբար մարզային այցելություններ են իրականացվում, որոնց ընթացքում համայնքի ղեկավարներին ներկայացվում է տեղեկատվություն' մարդահամարին նախապատրաստվելու եւ այն անցկացնելու ժամանակ նրանց գործառույթների վերաբերյալ: Կ. Կույումջյանը կարեւորեց հատկապես կադրերի ընտրությունը. նրանք պետք է անմիջական շփում ունենան մարդկանց հետ: Առաջարկվել է, որ համայնքների ղեկավարները հաշվարարների թեկնածուներ ներկայացնեն: Թեկնածուները պարտադիր պետք է անցնեն ուսուցման փուլ:

«Բնականաբար, մենք որոշակի սահմանափակումներ ենք դնում թեկնածուների ընտրության հարցում: Կարեւոր են գրագիտության բարձր մակարդակը, հաղորդակցման ունակությունները եւ այլն»,- ասաց Կ. Կույումջյանը:

Նա նկատեց, որ համայնքների ղեկավարների հետ հանդիպմանը նշվում է նաեւ հասցեների տնտեսության կարգավորման խնդիրը, որովհետեւ շատ կարեւոր է, որ անվանատախտակներ լինեն փողոցներում, շենքերի համարանիշները փակցված լինեն: Դրանց առկայության պարագայում հաշվարարները շատ արագ կկողմնորոշվեն:

Հաշվարարները կներգարվվեն հոկտեմբերի 1-ից ուսուցման փուլ անցնելուց հետո: Նախատեսվում է ներգրավել շուրջ 12 հազար հաշվարար, կլինեն մոտ 2 հազար 310 հրահանգչական եւ 182 մարդահամարի տեղամասեր: Նրանցից ստացված բոլոր տվյալները կենտրոնացված ձեւով կհավաքագրվեն Ազգային վիճակագրական ծառայությունում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում