Փաստ մեկնաբանությամբ

Մոտ 20 տոկոսով ավելացել է ԼՂՀ Պաշտպանության բանակի պոտենցիալը

3 րոպեի ընթերցում

Մոտ  20 տոկոսով ավելացել է  ԼՂՀ Պաշտպանության բանակի պոտենցիալը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Անկախության հռչակման 20-ամյակի կապակցությամբ այսօր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանն ամփոփեց անցած կիսամյակում Պաշտպանության բանակի ունեցած ձեռքբերումներն ու թերացումները:

Խոսելով անցած 20 տարիների ընթացքում ԼՂՀ Պաշտպանության բանակի անցած ուղու մասին' Մ. Հակոբյանն ընդգծեց, որ հայկական բանակը կազմավորվել է Արցախյան ազատամարտի ժամանակ ստեղծված եւ պատերազմի ամբողջ ծանրությունն իրենց ուսերին կրած կամավորական ջոկատների հիմքի վրա: «1992-94 թթ. մենք ոչ միայն դիմագրավել ենք հակառակորդի ճնշումներին, այլեւ նրան ստիպել ենք նստել բանակցային սեղանի շուրջ եւ ստորագրել զինադադարի պայմանագիր, քանի որ մեզ հաջողվել է ոչնչացնել ներկայիս Արցախի տարածքում գտնվող հակառակորդի կրակակետերը»,- ասաց Մ. Հակոբյանը' հավելելով, որ այնուամենայնիվ, Պաշտպանության բանակն իրավիճակից դուրս է եկել որոշակի կորուստներով, քանի որ ադրբեջանական բանակի վերահսկողության տակ են մնացել Շահումյանի շրջանը, Գետաշենի ենթաշրջանը եւ Մարտակերտի ու Մարտունու շրջանների մի հատվածը:

Զինադադարի կնքումից հետո, ըստ Մ. Հակոբյանի, սկսվել են պրոֆեսիոնալ բանակի կառուցման աշխատանքները, որի արդյունքում հաջողվել է ստեղծել տարածաշրջանի ամենամարտունակ եւ հզոր բանակը:

Անդրադառնալով անցած կիսամյակին' ԼՂՀ Պաշտպանության նախարարը նշեց, որ բանակում շարունակվել է դեռեւս 2010 թ-ից սկսված բարեփոխումների ծրագիրը: Մասնավորապես, ըստ Մ. Հակոբյանի, Պաշտպանության բանակը ձեռք է բերել մեծ քանակի նոր սպառազինություն, եւ արդյունքում մոտ 20 տոկոսով ավելացել է բանակի պոտենցիալը: «Ծրագիրը շարունակական է լինելու, եւ մենք թույլ չենք տալու, որ օր օրի սպառազինվող ադրբեջանական բանակը մեզ գերազանցի»,-նշեց Մ. Հակոբյանը:

Պաշտպանության նախարարի խոսքով' անցած կիսամայակում ՀՀ նախագահի աշխատակազմի համապատասխան ծառայության կողմից հանկարծակի տեսչական ստուգում է անցկացվել ՊՆ մեկ դիվիզիայում, որը արժանացել է լավ գնահատականի:

Մ. Հակոբյանը նշեց նաեւ, որ այս տարի հիմնականում ավարտվում է ՊԲ-ի բարձրագույն կրթությամբ սպայական կազմի համալրման գործընթացը:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում