Փաստ մեկնաբանությամբ

Արցախում պետական մակարդակով պահպանվում են մահմեդական հուշարձանները

2 րոպեի ընթերցում

Արցախում պետական մակարդակով պահպանվում են մահմեդական հուշարձանները

ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում առկա են ոչ շատ մահմեդական հուշարձաններ, որոնք պահպանվում են պետության կողմից: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը' անդրադառնալով ադրբեջանական կողմի այն պնդումներին, թե Արցախում ոչնչացվում են ադրբեջանական հուշարձաններ: Ադրբեջանի մշակույթի նախարարության ներկայացուցիչները նույնիսկ նշել են, որ հարցը պատրաստվում են բարձրացնել UNESCO-ում:

«Ի՞նչ է ադրբեջանական հուշարձանը: Ադրբեջանական ազգը որպես այդպիսին պաշտոնապես առաջացել է 1936 թվականին: Այսինքն' նախկին Աղդամ քաղաքում պատերազմական գործողությունների ժամանակ 1970-ականներին կառուցված շենքերը համարվում են ադրբեջանական հուշարձաննե՞ր: Եթե Ադրբեջանը դրանք է համարում ադրբեջանական ժողովրդի պատմական հուշարձան, սա այլ հարց է: Թող իրենք ասեն, որ այդ շենքերն են համարում պատմական հուշարձան, քանի որ, իրոք, եթե այդ ազգը 1936 թվականին է ձեւավորվել, հետեւաբար 1977 թվականին նրա կողմից կառուցված նույնիսկ մեկ բնակելի շենքը կարելի է համարել «ադրբեջանական պատմական հուշարձան»«,- նկատեց Դ. Բաբայանը:

Նրա հավաստմամբ' Արցախում որեւէ մահմեդական հուշարձան չի ավերվում: «Ընդհանրապես, ներկայիս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում կան մահմեդական հուշարձաններ, բայց նրանց թվաքանակը շատ քիչ է, իսկ նրանք պահպանվում են պետության կողմից»,- ընդգծեց ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի գլխավոր վարչության պետը:

Նրա խոսքով' ադրբեջանական կողմի հայտարարությունը եւս մեկ ապատեղեկատվություն է, սադրանք, որով Ադրբեջանը փորձում է վառ պահել այդ երկրում առկա հակահայկական միտքը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում