Փաստ մեկնաբանությամբ

Դ. Բաբայան. «Մեդվեդեւ-Ալիեւ հանդիպման նպատակը ցույց տալն էր Ադրբեջանին, որ պատերազմը ԼՂ խնդրի լուծման տարբերակ չէ»

2 րոպեի ընթերցում

Դ. Բաբայան. «Մեդվեդեւ-Ալիեւ հանդիպման նպատակը ցույց տալն էր Ադրբեջանին, որ պատերազմը ԼՂ խնդրի լուծման տարբերակ չէ»

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի' Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հետ հանդիպումները ցույց են տալիս, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները, այդ թվում' նաեւ Ռուսաստանը շահագրգռված են խաղաղության պահպանման հարցում: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի աշխատակազմի եւ տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը:

ՌԴ նախագահը, 2008 թվականի վրաց-օսական հակամարտությունը որպես օրինակ բերելով, նշել է, որ նույնիսկ հավերժ բանակցությունները գերադասելի են պատերազմական գործողություններից: «Այստեղ կա լուրջ տրամաբանություն, քանի որ պատերազմական գործողություններն ընդհանրապես անկանխատեսելի հետեւանքներ են ունենալու, ներգրավելու են ոչ միայն կողմերին' Արցախին եւ Ադրբեջանին, այլեւ մի շարք այլ երկրների: Նման պարագայում որեւէ մեկն այս պահի դրությամբ չի ցանկանա մտնել պատերազմական գործողությունների մեջ: Սրա շուրջ է եղել հիմնական զրույցը Մեդվեդեւի եւ Ալիեւի միջեւ: Այդ անկեղծ զրույցն ուղղված էր հենց սրան, քանի որ մնացած բոլոր խնդիրները քիչ թե շատ ավելի պարզ են: Պետք էր եւս մեկ անգամ ցույց տալ Ալիեւին, որ պատերազմը խնդրի լուծման տարբերակ չի դիտվում միջազգային հանրության համար»,- նկատեց Դ. Բաբայանը:

Նրա խոսքով' առաջիկայում հնարավոր են նախագահների երկկողմ, եռակողմ հանդիպումներ, «բայց խոսել, որ դրանք այժմ բերելու են հակամարտության վերջնական կարգավորմանը, շատ վաղ է»: «Խոսքն ընդհանրապես բանակցային գործընթացի պահպանման մասին է. խնդրի շուտափույթ կարգավորում ակնկալել այս պահին վաղաժամ է: Լինելու են բազմաթիվ հանդիպումներ, որոնք ուղղված են խաղաղության գործընթացի, ստատուս քվոյի պահպանմանը, քանի դեռ չկա ավելի շոշափելի տարբերակ, որը հիմք կհանդիսանա խնդրի լուծման գործում լուրջ քայլերի ձեռնարկման համար»,- ասաց Դ. Բաբայանը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում