Փաստ մեկնաբանությամբ

Մ. Հակոբյան. «Հացի շուկան վստահելի չէ, սպառողներն անհետեւողական են»

4 րոպեի ընթերցում

Մ. Հակոբյան. «Հացի շուկան վստահելի չէ, սպառողներն անհետեւողական են»

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում հացի շուկան վստահելի չէ. պատճառը սպառողների ոչ հետեւողական վերաբերմունքն է: Այս համոզմամբ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հանդես եկավ Սպառողների ազգային ակադեմիայի նախագահ Մելիտա Հակոբյանը' հավատացնելով, որ երբ սպառողը պահանջկոտ է, շուկայի որակը բարձր է:

Նրա մեկնաբանությամբ' հայաստանյան սպառողների շրջանում իշխող սոցիալ- տնտեսական եւ մարդկային հոգեբանական պայմաններում գնորդների անհրաժեշտ գիտակցությունը, որը համապատասխան վերաբերմունք պետք է ձեւավորեր գնումների ընթացքում, բացակայում է: «Սովորաբար պահանջարկն է ձեւավորում շուկա, սակայն մեզ մոտ' շուկան է թելադրում պահանջարկ»,-եզրահանգեց Մ. Հակոբյանը:

Գնորդների միջոցով հարցին յուրօրինակ լուծման ուղի մատնանշեց սպառողների պաշտպանը. «Պատկերացրեք, մի ամբողջ օր որոշենք հաց չգնել: Արտադրողներն աննկարագրելի վնասներ կկրեն. գուցե պատկերը փոխվի»:

Նա գրանցված դիմումներից մի քանիսը հիշեց, որոնցից մեկի ժամանակ մի քանի քաղաքացիներ հացեր էին ներկայացրել, որոնցում փայտ եւ թել էին հայտնաբերել: «Մենք համապատասխան արտադրամասեր այցելեցինք, մեր հրահանգները տվեցինք»,-տեղեկացրեց Մ. Հակոբյանը' չցանկանալով հայտնել արտադրողների անունները, սակայն խոստացավ, որ եթե մեկ ամիս անց իրականացվելիք ստուգումները ցույց տան, որ թերությունները չեն շտկվել, այդ անուններն անպայման կհրապարակվեն:

Մյուս բանախոսները նույնպես կոմերցիոն նպատակներով արտադրողների անուններ չտվեցին, սակայն հայտարարեցին, որ տարեվերջին մի միջոցառում է սպասվում, որի ընթացքում նշվելու են տարվա ընթացքում ինչպես բարձր որակ ապահոված ձեռնարկությունները, այնպես էլ թերություններով աշխատած արտադրամասերը:

Ակադեմիայի անդամները միաբերան փաստեցին, որ ստեղծված անմխիթար պատկերի պատճառը շուկայում գործող այլընտրանքային ճանապարհով գործունեություն ծավալող արտադրողներն են, որոնք չունեն պիտակավորում, բաղադրության մասին տեղեկություններ, լիցենզավորում: «Միեւնույն մեքենայով օրվա մի ժամի հաց են տեղափոխում, մյուս ժամին' մարդ»,-մատնանշեց մոնիթորինգի եւ մարքեթինգի բաժնի պետ Ֆրունզե Հայթյանը' նկատելով, որ բացի նմանօրինակ սանիտարական խախտումներից, առողջությանը վնաս կարող են հասցնել նաեւ հացի թխման հանգամանքները: «Հացի գույնը պետք է լինի բաց դարչնագույնից մինչեւ մուգ դարչնագույն»,-հայտնեց մասնագետը' զգուշացնելով, որ եթե այն սպիտակավուն է կամ հասնում է շագանակագույնի, ապա կամ թերեփ է կամ գերեփված' հավասարապես ոչ ցանկալի սննդում:

Հաց-հացաբուլկեղենի փորձագետ Անահիտ Վիրաբյանի խոսքերով' շատ կարեւոր է հացի պատրաստման ընթացքում օգտագործվող խմորիչների որակը: «Մեծամասամբ չենք իմանում, թե որտեղից են դրանք բերվում»,-նկատեց նա' հայտնելով, որ խմորիչի մեկ կգ-ի գինը տատանվում է 10-12 հազար դրամի միջեւ եւ պետք է հետեւողական լինել այդ ոչ այնքան մատչելի բաղադրատարրի որակի հարցում: «Լավ կլինի դրանք ներկրվեն եվրոպական երկրներից»,-նշեց փորձագետը' հավատացնելով, որ լավագույն լուծումն է' սերտիֆիկատի հետ պահանջել նաեւ կիրառված խմորիչի մասին տեղեկատվություն:

Ինչպես հայտնեց Մելիտա Հակոբյանը, ակադեմիայի կողմից դեռ մի քանի տարի առաջ Կառավարությանն առաջարկվել է բարդ ընթացակարգով իրականացնել հացի արտադրությունը երկրում, հացի մասին օրենք սահմանել: Առաջարկության իրականացման գործընթացը դադարեցվել է այդ հարցով զբաղվող պատգամավորի վաղաժամ մահվան պատճառով: «Պետք է նոր շնչով սկսենք այս գործընթացը»,-հավաստեց նա:

Բանախոսները նկատեցին, որ այս խնդիրն առավել սուր է քաղաքի ծայրամասերում, մասնավորապես' Երրորդ մաս, Չարբախ, իսկ քաղաքի կենտրոնում հարցն առավել կարգավորված է, խախտումները' քիչ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում