Փաստ մեկնաբանությամբ

Չբերությունը դատավճիռ չէ

6 րոպեի ընթերցում

Չբերությունը դատավճիռ չէ

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այսօր գնալով աճում է այն ամուսինների թիվը, որոնք երկար ժամանակ չեն կարողանում երեխա ունենալ: Բժշկության մեջ այսպիսի դեպքերն անվանում են չբերություն: Սա այն հիվանդությունն է, երբ մեկ տարի շարունակ կանոնավոր սեռական կյանքի ընթացքում կնոջ մոտ բացակայում է հղիությունը:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով' 40 տոկոս դեպքերում չբերությունը կնոջ պատճառով է, իսկ 45 տոկոս դեպքերում' տղամարդու:

Չբերության պատճառները բազմաթիվ են, հիմնականում պայմանավորված են ամուսիններից մեկի վերարտադրողական ֆունկցիայի խանգարմամբ:

Կանանց մոտ հիմնականում չբերության կարող են հանգեցնել ձվարանների կամ արգանդի տարբեր հիվանդությունները, հորմոնալ խախտումները, սեռական օրգանների թերզարգացվածությունը, ինչպես նաեւ սուր ինֆեկցիոն հիանդությունները, երկարատեւ ծխելը, ալկոհոլային կախվածությունը, թմրամոլությունը, վիտամին E-ի պակասը եւ շատ այլ պատճառներ:

Տղամարդկանց մոտ չբերության պատճառ են դառնում միզօրգանային եւ սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունները, սեռական, նյարդային եւ հորմոնալ խախտումները, բացասական էմոցիաները եւ այլն:

«Չբերության պատճառ կարող են դառնալ նաեւ ոչ ճիշտ հիգիենան, հղիության արհեստական ընդհատումը հատկապես առաջին երեխայի դեպքում, ինչպես նաեւ բնածին արատներն ու ժառանգական տարբեր գործոններ»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Թիվ 8 պոլիկլինիկայի ակուշեր-գինեկոլոգ Նաիրա Ոսկանյանը:

Բազմաթիվ ժամանակակից գիտական ուսումնասիրություններ ցույց են տալիս, որ աբորտը' հղիության արհեստական ընդհատումը, որը կատարվել է մինչեւ 25 տարեկան կանանց մոտ, առաջին հղիության ժամանակ 40 տոկոս դեպքերում հանգեցնում է չբերության, երբեմն նաեւ քաղցկեղի: Գիտնականների կողմից վաղուց ապացուցված է, որ հղիությունը բնական ճանապարհով բազմաթիվ նախաքաղցկեղային հիվանդությունների բուժման լավագույն միջոց է:

«Աբորտից չբերություն մեկ քայլ է». այսպիսի ձեւակերպումների հաճախ կարող ենք հանդիպել բազմաթիվ հեղինակավոր առողջապահական կազմակերպությունների եւ գիտնականների հոդվածներում ու ուսումնասիրություններում, որոնք հասկանալով հարցի լրջությունը' իրենց աշխատություններում մանրամասն ներկայացրել են աբորտի պատճառով առաջացած բազմաթիվ հոգեբանական եւ ֆիզիկական անցանկալի եւ երբեմն նաեւ անդառնալի հետեւանքները:

Երբ կինը հղիանում է, նրա օրգանիզմում կատարվում է հորմոնալ տեղափոխություն' ուղղված այդ հղիության պահպանմանը, անջատվում են մեծ քանակությամբ հորմոններ, իսկ աբորտի դեպքում հորմոնալ հավասարակշռությունը կնոջ օրգանիզմում խախտվում է:

Գիտնականների նորագույն հայտնագործությունները փաստում են նաեւ այն մասին, որ ոչ միայն աբորտը' առաջին հղիության դեպքում, այլեւ նույն զուգընկերների միջեւ տեղի ունեցող կանոնավոր սեռական հարաբերությունների պարագայում երկարատեւ ժամանակահատվածում (2-3 տարի) հակաբեղմնավորիչների օգտագործումը եւս կարող է հանգեցնել չբերության:

Որքան շատ են չբերության տեսակներն ու առաջացման պատճառները, նույնքան շատ են բուժման եղանակներն ու ձեւերը: Չբերությունը բազմաթիվ այլ հիվանդություների նման առավել արդյունավետ բուժում է ստանում, երբ ամուսնական զույգը հիվանդության նախնական շրջանում է դիմում բժշկի: Բժշկին ուշ դիմելը' կախված չբերության տեսակից, կարող է հանգեցնել տարբեր քրոնիկ բորբոքային պրոցեսների, որոնք բնականաբար նվազեցնում են դրական արդյունքի հասնելու հավանականությունը: Երբեմն չբերության խնդրի առջեւ կանգնած զույգերն անհապաղ մասնագետին դիմելու փոխարեն դիմում են հեքիմների եւ այլ նմանատիպ «զբաղվածություն» ունեցող մարդկանց, ովքեր բուժումներ են իրականացնում բույսերի կամ այլ կասկածելի եղանակների միջոցով, իսկ ցանկալի արդյունքի չհասնելուց եւ իրավիճակն ավելի բարդացնելուց հետո զույգը դիմում է բժշկի' հետագայում կրկնակի դժվարեցնելով նրա աշխատանքը: Որպեսզի կանխվի չբերության առաջացումը' Ն. Ոսկանյանը խորհուրդ է տալիս հաճախակի այցելել բժշկի, կամ գոնե տարին մեկ անգամ կատարել բուժզննում անցնել:

Չբերության բուժումը բժշկի կողմից պահանջում է յուրաքանչյուր հիվանդի հանդեպ ցուցաբերել գրագետ, պրոֆեսիոնալ եւ անհատական մոտեցում: Այս հիվանդության բուժման գործում կարեւոր է ամեն մի մանրուք. հիվանդի ընդհանուր առողջական վիճակը, վաղ հասակում ունեցած հիվանդությունները, գենետիկան, վնասակար սովորությունները:

Այսօր տասը զույգից հինգի մոտ առաջանում են տարբեր դժվարություններ երեխա ունենալու հարցում: «Բժշկության մեջ լինում են դեպքեր, երբ զույգը երեխա չի կարողանում ունենալ, հետազոտվում է, սակայն բժիշկներին այդպես էլ չի հաջողվում գտնել հիվանդության պատճառը, դա կոչվում է անհայտ պատճառի չբերություն»,- նշեց բժիշկը: Նման դեպքերում ամուսնական զույգերը հաճախ դիմում են արհեստական բեղմնավորման:

Բժշկական պրակտիկայում պատահում է, որ տարիներ շարունակ զույգը երեխա չի կարողանում ունենալ, նույնիսկ դիմելով արհեստական բեղմնավորման, սակայն անցնում է առողջ ապրելակերպի' սնվում մրգերով եւ բանջարեղեններով, զբաղվում է սպորտով, եւ որոշ ժամանակ անց երեխա է ունենում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում