Փաստ մեկնաբանությամբ

Հայկական համայնքներից խոշորագույնը Ռուսաստանի Դաշնությունում է

4 րոպեի ընթերցում

Հայկական համայնքներից խոշորագույնը Ռուսաստանի Դաշնությունում է

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհի 80-ից ավելի երկրներում գոյություն ունեցող հայկական համայնքներից խոշորագույնները Ռուսաստանի Դաշնությունում են, Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Ֆրանսիայում եւ Վրաստանում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Սփյուռքի նախարարության մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Թեւոս Ներսիսյանը, հնագույն համայնքներ են Իրանի, Թուրքիայի, Ուկրաինայի, Լիբանանի, Սիրիայի, Եգիպտոսի, Հնդկաստանի հայկական համայնքները: Վարչության պետի տեղեկացմամբ' հայկական համայնքներ կան նախկին Խորհրդային Միության համարյա բոլոր երկրներում, բացի Ադրբեջանից:

Հայկական համայնքներ են գործում Եվրոպայի գրեթե բոլոր երկրներում, բացի Չեռնոգորիայից, Բոսնիա եւ Հերցեգովինայից, Իսլանդիայից, Պորտուգալիայից եւ Լյուքսեմբուրգից, որտեղ հայեր կան, բայց համայնքային կառույցները դեռ ձեւավորված չեն: Մերձավոր Արեւելքի տարածաշրջանում հայկական համայնքներ կան Լիբանանում, Սիրիայում, Եգիպտոսում, Հորդանանում, Իրաքում, Իսրայելում, Թուրքիայում, ԱՄԷ-ում, Քաթարում, Քուվեյթում, Իրանում: Չինաստանում, Հնդկաստանում, Թայլանդում եւ Սինգապուրում հայերն ընդամենը մի քանի հազար են, եւ այժմ ավելի քիչ են, քան նախկինում: Այս տարածաշրջանում, ըստ պաշտոնական տվյալների, ապրում է շուրջ 2 մլն հայ, իսկ ոչ պաշտոնական, նրանց թիվը կարող է հասնել 3.5-4 մլն-ի: Կազմակերպված հայկական համայնքներ կան ԱՄՆ-ում, Կանադայում, Արգենտինայում, Բրազիլիայում, Ուրուգվայում, Ավստրալիայում:

Մարման վտանգի առջեւ կանգնած կամ վերացող գաղթօջախների մասին, ըստ Թ. Ներսիսյանի, հնարավոր չէ խոսել, որովհետեւ նմանատիպ որակումները շատ սուբյեկտիվ կլինեն: «Ավելի շուտ, հայկական համայնքներին սպառնում է լեզվի կորստի վտանգը: Հայկական համայնքներն, առհասարակ, շատ զգայուն են քաղաքական, տնտեսական, կլիմայական, պատերազմական եւ այլ գործոնների հանդեպ»,- նշեց նա' հավելելով, որ այդ գործոնների ազդեցության տակ հայկական համայնքներում պարբերաբար տեղի են ունենում միգրացիոն հոսքեր. մեկ երկրից տեղափոխվում են մեկ այլ երկիր:

Հայկական համայնքներում այդ բացասական գործոնների ազդեցության տակ ժամանակ առ ժամանակ ակտիվանում կամ պասիվանում է համայնքային կյանքը: Եվրոպայում համեմատաբար պասիվ են Լեհաստանի, Ռումինիայի եւ Իտալիայի հայկական համայնքները: Ակնառու է Վրաստանում հայերի թվի նվազումը, ինչը կարելի է ասել նաեւ Հնդկաստանի դեպքում: Մեր օրերում Հնդկաստանում հայկական պատմամշակութային հարուստ ժառանգություն կա, բայց հայերի թիվը զգալիորեն նվազել է: Ամենամեծ հայկական համայնքը ՌԴ-ում է, մասնավորապես' Մոսկվայում, Կրասնոդարի, Դոնի Ռոստովի դաշնային մարզերում, Սանկտ Պետերբուրգում, Ռուսաստանի հեռավոր արեւելյան հատվածում' Սիբիրում, Ռուսաստանի հարավային շրջաններում (Հյուսիսային Կովկաս): Մեծությամբ երկրորդն ԱՄՆ-ի հայկական համայնքն է, որտեղ հայերի թիվը մոտ 1 մլն 200 հազար է: Արգենտինայում հայերի թիվը 60 հազար է, Կանադայում' 50 հազար: Եվրոպայում ամենամեծ հայկական համայնքը Ֆրանսիայում է, որտեղ հայերի թիվը կազմում է շուրջ 500 հազար: Մերձավոր Արեւելքում ամենամեծ հայկական համայնքներն են Լիբանանի' 80-120 հազար, Սիրիայի'100 հազար, Իրանի' 80 հազար, Թուրքիայի' 70 հազար հայկական համայնքները:

Հայկական դպրոցներ կան գրեթե բոլոր հայկական համայնքներում: Աշխարհի 38 երկրներում կա մոտ 900 հայկական կրթօջախ, այդ թվում' 300 ամենօրյա դպրոց եւ ավելի քան 500 մեկօրյա եւ երկօրյա դպրոց: Մասնավորապես'ՌԴ-ում կա 134 հայկական դպրոց, Ուկրաինայում դրանց թիվը 43-ն է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում