Փաստ մեկնաբանությամբ

Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցություններում առաջընթաց է արձանագրվել

3 րոպեի ընթերցում

Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցություններում առաջընթաց է արձանագրվել

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական գործընկերների գնահատմամբ' Ասոցացման համաձայնագրի շուրջ Հայաստան-Եվրամիություն բանակցություններում բավականին առաջընթաց է արձանագրվել: Ինչպես ՀՀ ազգային անվտանգության խորհրդում այսօր անցկացված Եվրոպական կառույցների հետ ՀՀ պետական մարմինների համագործակցությունը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստում նշեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարինե Ղազինյանը, արդեն մեկ տարի է' բանակցությունները մեկնարկել են: Հուլիսի 15-ին Բրյուսելում տեղի է ունեցել 6-րդ լիագումար նիստը: Լիագումար նիստերը, ըստ հերթականության, տեղի են ունենում Երեւանում եւ Բրյուսելում: Բանակցությունն ընթանում է 2 ձեւաչափով' լիագումար նիստեր եւ տեսակոնֆերանսներ: Կ. Ղազինյանի խոսքով' 20-ից ավելի տեսակոնֆերանսներ արդեն անցկացվել են:

Փոխնախարարը նշեց, որ բանակցել եւ ժամանակավորապես փակվել են ապագա համաձայնագրի 18 գլուխներ: Ըստ նրա' առկա 26 գլուխներից 18-ի փակումն արդեն առաջընթաց է:

Համաձայնագրով նախատեսվում է ԵՄ-ի հետ հիմնել Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտի, ինչը ենթադրում է Հայաստան-Եվրոպական միություն երկկողմ առեւտրի շրջանակներում համաձայնեցված ապրանքատեսակների նկատմամբ տուրքերի եւ քանակական սահմանափակումների առեւտրի ոչ սակագնային խոչընդոտների վերացում: Բանակցությունները դեռ չեն սկսվել:

«Գոտու ստեղծումը ենթադրում է Հայաստանի ներքին կարգավորիչ դասի խորքային բարելավում: Այդ իսկ պատճառով գոտի ստեղծելու դրույթների վերաբերյալ բանակցությունները որոշել ենք մեկնարկել Հայաստանի կողմից ոլորտային բարեփոխումներին ուղղված մի շարք գործողություններ իրականացնելուց հետո: Հայաստանի կառավարությունը համապատասխան քայլեր այդ ուղղությամբ արդեն ձեռնարկել է»,-ասաց Կ. Ղազինյանը:

Նա նշեց, որ շարունակվում են քննարկումները հակամարտությունների խաղաղ կարգավորման եւ միջազգային իրավունքի որոշ սկզբունքները խրախուսելու դրույթների շուրջ: Հայկական կողմը միշտ առաջարկում է կամ ընդգրկել ընդհանրական ձեւակերպում' հղում անելով ՄԱԿ-ի կանոնադրությանը եւ Հելսինկիի եզրափակիչ ակտին, կամ ներառել ազգերի ինքնորոշման եւ ուժի պարտադիր չկիրառման սկզբունքները նույնպես:

Նույն հոդվածի տարածաշրջանային համագործակցությունը խթանելու վերաբերյալ պարբերությունում հայկական կողմն առաջարկել էր ավելացնել բարիդրացիական հարաբերություններ կառուցելուն եւ սահմանները բացելուն ուղղված քայլեր ձեռնարկելու վերաբերյալ դրույթներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում