Փաստ մեկնաբանությամբ

Իրանում հայկական հուշարձանները գտնվում են բարվոք վիճակում

2 րոպեի ընթերցում

Իրանում հայկական հուշարձանները գտնվում են բարվոք վիճակում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հասարակական կազմակերպությունը հունիսի 10-ից հուլիսի 10-ն այցելել է Իրան' ուսումնասիրելու երկրի հյուսիսում գտնվող հայկական պատմական հուշարձանները:Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց կազմակերպության նախագահ Սամվել Կարապետյանը, արշավախումբն ուսումնասիրություններ է կատարել Պարսպատունիքում (Ղարադաղ), Արտազում (Մակու), Հերում (Խոյ), ՈՒրմիայում եւ Զարեվանդում (Սալմաստ):

«Հայկական հուշարձանների ընդհանուր թիվը, որը հնարավոր եղավ լուսանկարել, անցնում է 4 500-ը, այն էլ միայն 4 գավառներում, քանի որ մեզ այդպես էլ չհաջողվեց մանրամասն ուսումնասիրություններ կատարել ՈՒրմիայում: Հուշարձանների վիճակն ընդհանուր առմամբ կարելի է բարվոք համարել: Բավարար կարելի է համարել նաեւ պետական հոգածությունը նրանց նկատմամբ»,- ասաց Ս.Կարապետյանը' հավելելով, որ հուշարձանների բարեկարգման հետեւանքով պատահած սխալները կապված են միայն թյուրիմացությունների եւ պատահականությունների հետ:

Նրա խոսքով' հայկական գավառները մեծ մասամբ քրդաբնակ եւ ադրբեջանակաբնակ են, հատկապես' Ղարադաղը, որը գրեթե ամբողջությամբ բնակեցված է ադրբեջանցիներով: «Միայն այստեղ կարելի էր նկատել հայատյացության որոշ օրինակներ, դա էլ կապված է այն փաստի հետ, որ Ղարադաղն Ադրբեջանը կապում է Նախիջեւանի հետ, եւ այստեղով են անցնում բոլոր ադրբեջանական ճանապարհատրանսպորտային միջոցները: Կարելի էր նկատել, որ այստեղ լայնորեն տարածվում է ադրբեջանական քարոզչությունը»,- շեշտեց Ս.Կարապետյանը' հավաստիացնելով, որ ի հակադրություն այս շրջանի' մյուս բոլոր գավառների բնակիչները, իմանալով իրենց ազգությամբ հայ լինելու մասին, միաձայն պնդում էին, որ այդ հողերը հայկական են եւ դա այն դեպքում, երբ այս 5 շրջաններում հայկական պետականությունը գոյություն չունի արդեն շուրջ 1500 տարի:

Նշենք, որ արշավախմբի կատարած հետազոտություններն ու լուսանկարները կամբողջացվեն առանձին ժողովածուում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում