Փաստ մեկնաբանությամբ

Երեխաների նկատմամբ բռնության դեպքերը նախորդ ցուցանիշի համեմատ նվազել են

3 րոպեի ընթերցում

Երեխաների նկատմամբ բռնության դեպքերը նախորդ ցուցանիշի համեմատ նվազել են

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս տարվա առաջին վեց ամիսներին երեխաների նկատմամբ բռնությունների դեպքերն անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են 17-ով: Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը, Հայաստանում ընտանեկան բռնության դեպքերի աճ չկա, բայց նվազում էլ չի նկատվում: Նրա խոսքով' հաճախ են պատահում բռնության դեպքեր փողոցում, ընտանիքում, այլ հաստատություններում:

Հայ օգնության ֆոնդի երեխաների կենտրոնի գործադիր տնօրեն Միրա Անտոնյանը տեղեկացրեց, որ կենտրոնը Ոստիկանության նախկին ընդունիչ-բաշխիչ կայանն է, ուր ընդունվում են բարդ իրավիճակում հայտնված երեխաները, ովքեր ենթարկվել են բռնությունների, աղքատության մեջ են կամ ընկերների, տարիքով մարդկանց հետ խնդիրներ ունեն: Մ. Անտոնյանը նշեց, որ երեխաների նկատմամբ բռնությունը միայն հետեւանք է ընտանեկան ընդհանուր վիճակի: Ըստ նրա' իրենց կենտրոն տարվա ընթացքում միջին հաշվով ընդունվող 150 երեխաների կեսից ավելին ընտանեկան բռնությունների զոհ են:

Երեխաների դեմ բռնության դեպքերից Մ. Անտոնյանն առանձնացրեց մեկը. երեխան մոր' կարտոֆիլ մաքրելու պահին աղմկել էր, եւ մայրն ուղղակի դանակահարել էր երեխային կարտոֆիլ մաքրելու դանակով: «Ընդհանրապես, տարածված սխալ է, որ խստությունը ճիշտ դաստիարակելու չափանիշ է»,-ասաց ՀՕՖ ներկայացուցիչը' նկատելով, որ ծնողներին թվում է, թե որքան ավելի բարձր են գոռում, այնքան ավելի լավ դաստիարակող ծնողներ են: Նա նաեւ նշեց, որ Հայաստանում դերային պատրաստություն ստանալու կրթությունը պակասում է. ցանկացած մասնագետ ստանում է համապատասխան կրթություն, մինչդեռ ծնող դառնալու համար հատուկ կրթություն չկա: Լավագույն դեպքում ծնողը կարող է կրկնել սեփական ծնողների օրինակը, որը, սակայն, ոչ միշտ է ընդօրինակման արժանի:

Բանախոսը նշեց, որ իրենք կազմակերպել են հատուկ դասընթացներ երիտասարդ ծնողների համար: Ու թեեւ դասընթացներին մասնակցության հրավերը հաճախ ծնողների բուռն դիմադրությանն է հանդիպում, սակայն դասընթացների առաջին իսկ օրվա ավարտին իրենք տեսնում են երիտասարդ մայրիկների փայլող աչքերը:

Մ. Անտոնյանը խնդիրներից ընդգծեց կենցաղային պայմանների ոչ բավարար վիճակը: Նրա տվյալներով' իրենց մոտ երեխաների ծնողների 60%-ից ավելին ունեն կենցաղային անկանոն պայմաններ: ՀՕՖ ներկայացուցիչը խորհուրդ տվեց մայրիկներին' երեխաների նկատմամբ խիստ ուշադիր լինել: Նա նշեց, որ հաճախ մայրիկներն աշխատանքից ուշանալիս երեխային մանկապարտեզ են հասցնում եւ փորձում բառիս բուն իմաստով նրան դռնից ներս հրել, իսկ դայակները եւ դաստիարակներն էլ փորձում են ներսից քաշել. այս դեպքում նրանք ստիպում են երեխային տառապել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում