Փաստ մեկնաբանությամբ

Հայերի 70-80 տոկոսն ապահովագրում է իր արտերկրյա ճանապարհորդությունը

4 րոպեի ընթերցում

Հայերի 70-80 տոկոսն ապահովագրում է իր արտերկրյա ճանապարհորդությունը

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանից արտասահման հանգստանալու մեկնող քաղաքացիների 70-80 տոկոսն ապահովագրում է իր ճամփորդությունը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց «Ինգո Արմենիա» ընկերության գործադիր տնօրենի առաջին տեղակալ Արեւշատ Մելիքսեթյանը' տեղեկացնելով, որ ճամփորդության պարտադիր ապահովագրություն պահանջում են Շենգեն գոտու բոլոր երկրները:

Ապահովագրության այս տեսակը ներառում է բժշկական ծախսերը, ուղեբեռի կորուստը, պատասխանատվությունը: Բժշկական ծախսերը հատուցվում են ապահովագրական ընկերության կողմից, եթե հանկարծակի հիվանդություն, դժբախտ պատահար կամ մահվան դեպք է գրանցվում: Պատասխանատվության ծախս կարող է հանդիսանալ ՀՀ ապահովագրված քաղաքացու ցանկացած պատահական վնասն ատերկրացուն կամ որեւէ կազմակերպությանը: «Բժշկական ծախսերը մասնավորապես ԱՄՆ-ում հսկայական գումարների են հասնում»,-նկատեց մասնագետը' հիմնավորելով, որ Վաշինգտոնում, օրինակ, հիվանդանոցային մեկ պալատի մեկ օրվա արժեքն անցնում է 2000-3000 դոլարը, բուժքրոջ մեկ ներարկումն արժե 900 դոլար, եւ դեպք է գրանցվել, որ մեկշաբաթյա բուժումն արժեցել է 45 հազար դոլար:

«Չեն հատուցվում օրենքով սահմանված որոշ դեպքեր, ինչպիսիք կարող են լինել պատերազմային իրավիճակները, քաղաքական վտանգավոր դրությունները, միջուկային զենքի կիրառումը եւ այլն»,-նշեց Ա. Մելիքսեթյանը' մարդկային գործոնին անդրադառնալիս էլ' նշելով ապահովագրված անձի' նախապես ունեցած հիվանդության դեպքերը, երբ քաղաքացին մեկնում է արտերկիր բուժվելու' կեղծ տվյալների առկայությունը պայմանագրում, ինչպես նաեւ այն դեպքերը, երբ քաղաքացու պատասխանատվության մասով տուժող կողմն արդեն փոխհատուցվել է երրորդ անձի կողմից: «Մի դեպք ենք գրանցել Թուրքիայում, երբ մեր հաճախորդն ավտովթարի հետեւանքով մահացավ այնտեղ, օրն էլ շաբաթ էր»,-պատմեց բանախոսը' նշելով, որ հանգստյան օրերի պայմաններում նույնիսկ ընկերությունը հավուր պատշաճի կազմակերպել է մահացածի դին հայրենիք տեղափոխելու գործընթացը' հոգալով բոլոր ծախսերը:

2011 թ-ի առաջին կիսամյակում ընկերությունը ստացել է 7530 ճանապարհորդական ապահովագրություն: Արդեն ներկայացվել են պատահարների վերաբերյալ 43 դիմումներ, բոլորն էլ հատուցվել են: Միջին հատուցումն ընթացիկ տարում կազել է 296 հազար դրամ, առավելագույնը' 4 մլն 750 հազար դրամ: «Այս տեսակի ապահովագրությունն առավելապես գրանցվում է հուլիս-օգոստոսին»,-փաստեց Ա. Մելիքսեթյանը:

Եվրոպական երկրներ հանգստի մեկնողները մեկ օրվա ապահովագրության դիմաց վճարում են 450 դրամ, ԱՄՆ' 500, Թուրիա' 350 դրամ, առավելագույն փոխհատուցումը կարող է կազմել 30 հազար եվրո: «Հայաստանյան տուրօպերատորների գերակշիռ մեծամասնությունը հաճախորդներից պահանջում են ճամփորդական ապահովագրություն»,-տեղեկացրեց նա:

«Ի Էյ Էլ գործընկերություն» իրավաբանական գրասենյակի տնօրեն, իրավաբան Տարոն Սիմոնյանի խոսքով' պատահում են դեպքեր, երբ քաղաքացիների ներկայացրած դիմումներն անվավեր են համարվում պայմանագրի կետերին չհամապատասխանելու պատճառով: «Մեզ մոտ գրանցված 4-5 դեպքերից 1-ի ժամանակ ապացուցվել է, սակայն, քաղաքացու իրավացիությունը, քանի որ ապահովագրական ընկերությունը չի կարողացել հիմնավորել իր կասկածները»,-հայտնեց Տ. Սիմոնյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում