Փաստ մեկնաբանությամբ

Դ. Ջամալյան. «Ադրբեջանը չի կարող հիմնավորել իր` քարոզչական թեզեր գրողների սադիստական երեւակայությունը»

4 րոպեի ընթերցում

Դ. Ջամալյան. «Ադրբեջանը չի կարող հիմնավորել իր` քարոզչական թեզեր գրողների սադիստական երեւակայությունը»

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանական լրատվամիջոցներն այսօր առավոտից ողողված են ադրբեջանցի 13-ամյա աղջկա մահվան մասին լուրերով: Նա իբր մահացել է հայկական զինված ուժերի կողմից պատրաստված ռումբի պայթյունից, որը տեղադրված է եղել խաղալիք շնիկի մեջ: Ըստ ադրբեջանական աղբյուրների' հայկական կողմը խաղալիք շնիկը բաց է թողել Թովուզչայ-Տավուշ գետի մեջ, որն անցնում է ադրբեջանական Ալիբեյլի գյուղի մոտակայքով: Այդ ժամանակ գետի մոտ խաղացող երեխան հայտնաբերել է խաղալիքը, բերել տուն, ինչի պայթյունի հետեւանքով երեխան մահացել, իսկ մայրը ծանր վնասվածքներ է ստացել:

«Արդեն երրորդ անգամ է, որ ադրբեջանցիները երեխա սպանելու հանգամանքը վերածում են քարոզչական սցենարի եւ խաղարկում այն»,- մեկնաբանելով վերոնշյալ տեղեկատվությունը' «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ռազմական փորձագետ, հոգեբան Դավիթ Ջամալյանը:

Փորձագետի խոսքով' նախորդ երկու անգամներն ադրբեջանական պրոպագանդան եւ պաշտոնական Բաքուն քարոզչական թեզեր հորինելիս փորձում էին ինչ-որ ռացիոնալ տարրեր այնտեղ տեղադրել, եւ այդ թեզերը ճշմարտանման տպավորություն էին թողնում: «Մարտի սկզբին եւս քարոզչական հիստերիա դրվեց, թե Ակնա գյուղի հենակետերի մոտ երեխա են սպանել: Այս ստի մեջ ռացիոնալ հատիկ կար զուտ այն առումով, որ ադրբեջանական գյուղը շատ մոտ էր մեր հենակետերին, ուստի բանից անտեղյակ մարդը կարող էր հավատալ, որ հայերը կարող են կրակել եւ սպանել երեխային: Բավական է մի փոքր խորանալ իրողությունների մեջ' համոզվելու համար, որ դա ուղղակի անհնար էր դա անել»,- հիշեցրեց Դ.Ջամալյանը:

Նա նաեւ շեշտեց, որ այս դեպքում բերվում է մի փաստարկ, որն առհասարակ իռացիոնալ է, չունի որեւէ շանս կամ հնարավորություն որպես ճշմարիտ ընկալվելու համար: «Այս անգամ ասում են' հայերը տեղադրել են ականը խաղալիքի մեջ, նետել են գետը, որից եւ վերցրել է երեխան: Անգամ տեխնիկապես է բարդ դա պատկերացնել. Տավուշ գետը փոքր, լեռնային, սակայն վարար գետ է, եւ շատ քիչ հավանական է, որ ականը չբախվի քարերին եւ լողա 1 կմ, երեխան գտնի այն, դառնա կանխամտածված սպանության զոհ»,- ասաց փորձագետը:

Տեխնիկական կողմից բացի, Դ.Ջամալյանն ընդգծեց, որ հարցն ունի նաեւ հոգեբանական կողմ: «Ռացիոնալ հարց է առաջանում, թե հայկական կողմին ինչու էր հարկավոր նման բան անել, դա մեզ ի՞նչ էր տալիս, մենք ի՞նչ էին շահելու: Ինչո՞ւ մեզ պետք է խոցելի դարձնեինք ադրբեջանական պրոպագանդայի համար եւ տայինք մի թեմա, որով մեզ կքարկոծեին»,- հռետորական հարց ուղղեց Դ.Ջամալյանը: Նրա կարծիքով' դա իռացիոնալ է. մենք որեւէ խնդիր դրանով չէինք լուծի: «Մեր ինչի՞ն էր պետք սպանել 13 տարեկան աղջկա. որեւէ ռացիոնալ մեկնաբանություն դա չունի: Որպեսզի այս ամենը փոքր- ինչ ճշմարտանման լիներ, պետք էր բերել որոշակի հիմնավորումներ' նշելով, որ հայերն այսպիսի նպատակներ ունեին, դրա համար էլ արել էին: Որեւէ ռացիոնալ փաստարկ Ադրբեջանը չի կարող բերել հիմնավորելու համար իր այս քարոզչական թեզեր մշակողների իռացիոնալ, սադիստական եւ այլասերված երեւակայությունը»,- շեշտեց Դ.Ջամալյանը:

Նրա խոսքով' ամեն անգամ, երբ արցախյան կարգավորման շուրջ տարվող բանակցություններում ակտիվացման նշաններ են երեւում, ադրբեջանական կողմը քարոզչական հարթակ է հանում իր էությամբ մի շատ անմարդկային քարոզչական թեզ, թե հայերը երեխաներ են սպանում, բարբարոսներ են եւ այլն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում