Փաստ մեկնաբանությամբ

Նուբարաշենի գերեզմանոցում համաճարակ չկա, սակայն վիճակը ծայրաստիճան վտանգավոր է

3 րոպեի ընթերցում

Նուբարաշենի գերեզմանոցում համաճարակ չկա, սակայն վիճակը ծայրաստիճան վտանգավոր է

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նուբարաշենի սարավանդում տեղակայված' մայրաքաղաքի ամենամեծ գերեզմանոցներից մեկում' Սովետաշենի տարածքում, ներկայում համաճարակային իրավիճակ չի արձանագրվում, սակայն հողի շերտի սահքի հետեւանքով մի շարք առումներով շատ վտանգավոր է դարձել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգենիկ եւ հակահամաճարակային տեսչության վարակիչ եւ ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակային վարչության բաժնի գլխավոր մասնագետ Լիանա Թորոսյանը' բացատրելով, որ համաճարակի տեսանկյունից առավել վտանգավոր են առաջին եւ երկրորդ խմբերի միկրոօրգանիզմներով ախտահարված դիակները, որոնք կարող են պատճառ դառնալ, օրինակ, սիբիրյան խոցի տարածման համար: «Այդ հարուցիչները պատիճավորվելու եւ հողի մեջ երկար պահպանվելու հատկություն ունեն», -փաստեց մասնագետը' ուրախությամբ նշելով, որ ավելի քան 30 տարի նմանօրինակ հիվանդության դեպքեր ՀՀ-ում չեն արձանագրվել: Նեխման ընթացքները նույնպես կարող են մարդու համար վտանգավոր լինել, որովհետեւ տարածված են փոխանցողները, ինչպես, օրինակ, ճանճերը: «Հանրային առողջության ամենակարեւոր հիմնախնդիրներից մեկն այսօր վարակիչ հիվանդությունների կանխարգելումն է»,-շեշտեց նա:

Ինչպես նշեց աշխարհագրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Էկոլոգիայի միջազգային ակադեմիայի ակադեմիկոս Աշոտ Խոյեցյանը, Սովետաշենի սարավանդը տեղակայված է կրաքարային մի քանի տասնյակ մետրանոց հզոր շերտի վրա, որի տակ գրունտային ջրերի մեծ կուտակումներ են, եւ որոնց հոսքի արդյունքում հսկայական տեղաշարժ է արձանագրվել' հողի եւ ջրերի սահք գերեզմանոցի տարածքում: «Խնդիրը լուրջ հետազոտման կարիք ունի, ահազանգում է պահանջում»,-ընդգծեց մասնագետը:

Բանախոսների հավաստմամբ' այդ գրունտային ջրերը մեծ վտանգ կարող են ներկայացնել որպես խմելու կամ ոռոգման ջուր օգտագործվելու դեպքում: Հարցը լրջորեն քննարկվելու եւ շուտափույթ կերպով որեւէ լուծում ստանալու ընդգծված կարիք է զգում: Սխալն սկսվել է տարածքը որպես գերեզմանոց կիրառելու պահից: «Չէր կարելի կավերի, սահող գրունտների վրա տեղակայել որոշակի տեխնիկական կառույց»,-հայտարարեց Ա. Խոյեցյանը' գերեզմանոցը համարելով այդպիսի կառույց, քանի որ այնտեղ շինարարական աշխատանքներ են իրականացվում:

Ոլորտի մասնագետը հիշեցրեց, որ սողանք առաջացնում են երեք գործոններ' թեքությունը, գրունտային ջրերի մակարդակը, որոնք ստեղծում են սահքի մակերես, եւ կավի գոյությունը, որը ջրամերժ է: «Այսինքն' տեղացող մթնոլորտային տեղումները չեն ներծծվում, եւ թեքության պայմաններում' ծանրության ուժի' գրավիտացիայի ազդեցությամբ սահում են»,-բացատրեց Ա. Խոյեցյանը' փաստելով, որ հենց այսպիսի պատկեր է Նուբարաշենում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում