Փաստ մեկնաբանությամբ

Ս. Օհանյան. «Հստակ որոշում ենք կայացրել` դեմքով շրջվել դեպի երիտասարդ սպան»

8 րոպեի ընթերցում

Ս. Օհանյան. «Հստակ որոշում ենք կայացրել` դեմքով շրջվել դեպի երիտասարդ սպան»

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում այսօր անցկացվեց ՀՀ Զինված ուժերի երիտասարդ սպաների համաբանակային անդրանիկ համաժողովը: Մասնակցում էին ՀՀ նախագահ, ԶՈւ գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարար, Պաշտպանության բանակի հրամանատար Մովսես Հակոբյանը, ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, այլք: Համաժողովի հանդիսավոր բացումն ազդարարվեց ՀՀ Զինված ուժերի մարտական դրոշի ներսբերմամբ:

Ս. Սարգսյանը, ողջունելով ներկաներին, նշեց, որ ուրախությամբ է մասնակցում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի երիտասարդ սպաների համաբանակային առաջին համաժողովին: Նա կարեւորեց համաժողովի կազմակերպման փաստը եւ մաղթեց, որ այն իսկապես լինի արդյունավետ ու դառնա ավանդական:

«Այսօր ուզում եմ ձեզ մի քանի պատգամ հղել, որ կարեւոր եմ համարում հատկապես իրենց առաջին քայլերն անող երիտասարդ սպաների համար:

Ժամանակակից բանակների սպաների նախատիպերը միջնադարյան Եվրոպայում ասպետներն էին, Հայաստանում' նախարարական եւ իշխանական տների ներկայացուցիչները: Ազգի զինվորականության կորիզը տվյալ ազգի ազնվականությունն էր: Չկա այդ կազմակերպված ուժը' չկա պետություն: Թվում է, թե 21-րդ դարում պատմական այս զուգահեռները հնացած են: Բայց սա մակերեսային տպավորություն է: Կարդացեք միջնադարում հայերի տված ճակատամարտերի ցանկացած նկարագրություն եւ կտեսնեք, որ ամենապատասխանատու կետերում ազնվական տների զավակներ էին, որոնք պաշտպանում են բառի ուղղակի իմաստով իրենց հոր տան պատիվը, բայց մեծ հաշվով' հայրենիքը»,- ասաց Ս. Սարգսյանը: ՀՀ նախագահի առաջին պատգամն է սպաներին' հիշել, որ երիտասարդ սպաների ուսերին այսօր նույն պատասխանատվությունն է եւ նույն առաքելությունը' պաշտպանել հայրական տան պատիվը, այսինքն' հայրենիքը: Նախագահը նկատեց, որ փոխվում են դարաշրջաններն ու իրողությունները, բայց ազնվականության առաքելության այսօրվա կրողները, ռազմական ավանդույթների ժառանգորդը սպաներն են: Եթե չեն, պետք է դառնան:

«Այդ ժառանգությունը ենթադրում է համապատասխան վարք ու կեցվածք: Մեր հասարակությունը գրեթե մոռացել է, որ սպայությունը բարձրագույն կրթություն ստացած մտավորականություն է: Այո', ձեր գործը խիստ առանձնահատուկ է, բայց, միեւնույնն է, դուք ազգի մտավորակության կարեւոր թեւն եք: Մեր հասարակության ընկալումներից առաջին հերթին ձեր շնորհիվ պիտի արմատախիլ արվի բռի եւ անտակտ զինվորականի կերպարը, մանավանդ որ կառավարչական գործառույթ եք նաեւ իրականացնում: Դուք մտավորականներ եք: Եթե չեք, պետք է դառնաք»,-ավելացրեց Ս. Սարգսյանը:

Նախագահն ընդգծեց, որ սպայակազմը պետության ողնաշարն է: Այն ամուր է եւ ուղիղ այնքան, որքան նրա սպայակազմը: Որեւէ երկրի ողնաշարը ջարդելու մի ճանապահ կա' ոչնչացնել սպայակազմը: Ըստ նախագահի' սա նշանակում է, որ սպաները մտավորականության այն թեւն են, որ թշնամու առաջին թիրախն է:

«Այսպիսով, դուք եք հայրենիքի առաջին պատվարը, եւ մենք' իշխանություն ու ժողովուրդ, գիտենք դա: Գիտենք եւ ձեզ համար պատրաստ ենք անելու հնարավորն ու անհնարինը: Առաքելություն իրականացնելու առումով դուք մեր հասարակության ամենապատրաստված շերտն եք' թե' հոգեբանորեն, թե' գիտելիքներով, թե' ֆիզիկապես: Եթե չեք, պետք է դառնաք»,-ասաց Ս. Սարգսյանը:

Կարգապահություն, խիզախություն, մարզվածություն, կրթվածություն. ըստ նախագահի, սրանք պարտադիր, բայց ոչ բավարար պայմաններ են հայ սպայի նկարագիրն ամբողջացնելու համար: Երկրի ղեկավարը կարեւորեց հաղթողի հոգեբանությունը:

«Ձեր շուրջն ապրում եւ հաճախ ձեր կողքին ծառայում են Արցախյան ազատամարտի փառավոր հաղթանակները կռած մարտիկներ: Նրանք գիտեն, թե դա ինչ է: Ձեր սրբազան պարտականությունն է ավագ սերնդից ընդունել նաեւ այդ հերթափոխը»,-ավելացրեց Ս. Սարգսյանը' մաղթելով հաջողություն եւ անփորձանք ծառայություն:

Ս. Օհանյանը նշեց, որ Հայաստանի Զինված ուժերի կազմավորման 20 տարիների ընթացքում առաջին անգամ է անցկացվում նման ընդգրկուն համաբանակային համաժողով, որին մասնակցում են ե'ւ բանակի ստեղծման ակունքներում կանգնած, ե'ւ միջին սերնդի, ե'ւ տակավին երիտիսարդ սպաներ: Նրա խոսքով' համաժողովի կազմակերպումն ինքնանպատակ չէ, այն առաքելություն ունի հաստատելու երիտասարդ սպայի վիթխարի տեղն ու դերը հայոց Զինված ուժերի մարտունակության եւ ընդհանրապես պետության պաշտպանունակության գործում:

«Մենք այսօր հստակ որոշում ենք կայացրել' դեմքով շրջվել դեպի երիտասարդ սպան: Ըստ ինձ' մարտունակության բարձրացման չափազանց ճկուն մեխանիզմը մեծ արդյունավետությամբ կգործի, եթե երիտասարդ սպան գիտակցի, որ այս տարիքում ինքը պետք է անխնա աշխատի, որ միայն հիմա է ի վիճակի կրելու ծառայության բոլոր դժվարությունները եւ ամենամեծ պահանջները դնելու իր անձի առջեւ»,-ասաց Ս. Օհանյանը:

Նախարարը նշեց, որ Հայաստանի զինված ուժերում իրականացվում են նախկինում նախադեպը չունեցող ծավալուն աշխատանքներ, որոնք նպատակաուղղված են հայոց բանակի հզորացմանն ու վերջինիս կարողությունների համապատասխանեցմանը առկա մարտահրավերներին: Ըստ նրա' նշված ծավալուն գործընթացը հակիրճ անվանում են Զինված ուժերի զարգացում, որի որակից եւ արդյունքներից է կախված երկրի անվտանգությունը:

Խոսելով Զինված ուժերի զարգացման մասին' Ս. Օհանյանը նշեց, որ այդ գործընթացի համար հիմք հանդիսացավ վերջին 2 տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետության գերատեսչության կողմից իրականացված պաշտպանության ռազմավարական վերանայումը:

«Այս գործընթացի ավարտը թույլ տվեց ուրվագծել մեր Զինված ուժերի զարգացման հետագա ուղղություններն ըստ առաջնայնությունների: Չնայած բարեփոխման եւ վերանայման են ենթարկվում մեր Զինված ուժերի բոլոր բնագավառները, դրանցից առավել առաջնայիններն են զորային պլանավորումը, ռազմական արդյունաբերության նյութատեխնիկական ապահովումը, կադրերի կառավարման համակարգերի ու պրակտիկայի կատարելագործումը, մարտական պատրաստվածության ծրագրերի բարելավումը»,- ասաց Ս. Օհանյանը:

Բարեփոխումներ են իրականացվում ռազմական կրթության ոլորտում: Նախարարը նշեց, որ կընդլայնվեն այդ ոլորտում կարողությունները: Նա կարեւորեց պայմանագրային սերժանատական համակարգի ներդրումը, որը կրտսեր հրամանատարական կազմի լիովին նոր ավանդույթներ կստեղծի Զինված ուժերում' զգալիորեն թեթեւացնելով սպաների աշխատանքը եւ հնարավորություններ տալով առավել կենտրոնանալ ենթակա ստորաբաժանումների մարտունակության բարձրացման խնդիրների վրա:

Ս. Օհանյանը նշեց, որ տվյալ նպատակների իրականացումն ակտիվ ջանքեր ու անձնվեր աշխատանք է պահանջելու ոչ միայն պաշտպանության նախարարության աշխատակիցներից, այլեւ Զինված ուժերի ամբողջ համակարգից: Եվ այդ աշխատանքի բեռը, ինչպես նաեւ դրա որակի պատասխանատվությունն ընկնելու է հատկապես երիտասարդ սպաների ուսերին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում