Փաստ մեկնաբանությամբ

ՀԱՊԿ անդամ պետությունները համատեղ կպայքարեն թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ

3 րոպեի ընթերցում

ՀԱՊԿ անդամ պետությունները համատեղ կպայքարեն թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մշտապես կա վտանգ, որ Հայաստանը կարող է դառնալ տարանցիկ երկիր Իրանից աֆղանական թմրամիջոցների փոխադրման համար: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեցին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների' թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի իրավասու մարմինների ղեկավարները, որոնք մասնակցում էին խորհրդի 10-րդ հոբելյանական նիստի աշխատանքներին:

ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների համար ամենից մտահոգիչ խնդիրը հենց Աֆղանստանից արտահանվող մեծ խմբաքանակներով թմրամիջոցներն են: Ինչպես նշեց ՌԴ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ֆեդերալ կառույցի ղեկավար Վիկտոր Իվանովը, աֆղանական թմրամիջոցների շրջանառությունն անկայունություն է բերում' նպաստելով կազմակերպված հանցագործության աճին:

«Միայն 10 տարվա ընթացքում աֆղանական թմրամիջոցների շրջանառության միջոցով 1 տրիլիոն ԱՄՆ դոլարի ներդրում է եղել աշխարհում հանցագործությունների թվի աճի համար: Դա խոսում է հզոր ֆինանսավորման աղբյուրի մասին»,- նշեց Վ.Իվանովը: ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան ընդգծեց, որ աֆղանական թմրամիջոցների գներն աշխարհում սկսել են աճել, եւ արդյունքում թմրամաֆիան անընդհատ նոր ուղիներ, նոր պետություններ է փնտրում դրանց տարածման, զարգացման եւ իրավապահ մարմիններին դիմադրելու համար:

ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը նկատեց, որ հաջողվել է կանխել շատ դեպքեր, երբ փորձ է արվել Իրանից թմրամիջոց անցկացնել ու ներկրել այլ երկրներ: «Այս պահին մտահոգիչ ոչինչ չկա. մենք տիրապետում ենք իրադրությանը: Ճիշտ է, այս դեպքերը նախորդ տարիների համեմատ աճել են, բայց դրանք քողարկված հանցագործություններ են: Այս աճը մեր վատ աշխատանքի մասին չի խոսում, այլ ընդհակառակը»,- ասաց ՀՀ ոստիկանապետը: Իսկ այն հայտարարություններին, թե թմրամիջոցների տեղափոխման համար ԼՂՀ-ն եւ մյուս չճանաչված պետությունները լավագույն տարբերակն են, Ա. Սարգսյանը պատասխանեց, որ .

Լեռնային Ղարաբաղում աշխատանքներն իրականացվում են Հայաստանի հետ համատեղ:

«Որեւիցե դեպք, որ կտա առիթ միջազգային կառույցներին մեղադրել ԼՂՀ-ին, թե նա ներքաշված է այս գործընթացում, չկա: Ավելին ասեմ, ԼՂՀ-ն էլ ավելի պաշտպանված է, քան Հայաստանը: Սա ընդամենը շահարկման թեմա է. հարեւան պետությունների շահերից է բխում, որ այս աղմկոտ, մութ պատմությունների մեջ ներքաշվի ԼՂՀ-ն' դրանով փորձելով շահարկման ճանապարհով Արցախի վրա ցեխ նետել, ինչը տեղին չէ»,-ավելացրեց Ա. Սարգսյանը:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ն. Բորդյուժան լրագրողների խնդրանքով անդրադարձավ նաեւ հայ-ադրբեջանական հակամարտությանը' ընդգծելով, որ չէր ցանկանա խոսել այդ թեմայի մասին: Նրա խոսքով' ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը միշտ հայտարարել է, որ բոլոր հարցերում, այդ թվում' նաեւ հակամարտության կարգավորման գործընթացում Ռուսաստանը գործընկեր երկիր է Հայաստանի համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում