Փաստ մեկնաբանությամբ

Հայկական լրատվամիջոցները համացանցում ներկայացվածության խնդիր ունեն

3 րոպեի ընթերցում

Հայկական լրատվամիջոցները համացանցում ներկայացվածության խնդիր ունեն

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում աճում են օնլայն լրատվամիջոցները, սակայն կա բովանդակության եւ պրոֆեսիոնալիզմի լուրջ պակաս: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց տեղեկատվական փորձագետ Կարեն Վրթանեսյանը: Կ. Վրթանեսյանը եւ «HY Publision» ամերիկյան լրատվական ընկերության տնօրեն Արմեն Հարեյանը ներկայացրեցին հայկական տեղեկատվական ոլորտի թերացումները եւ միջազգային փորձի նորարար լուծումները:

«Տեղեկատվական գործակալությունների ներկայացման աճը պայմանավորված է համացանցի զարգացմամբ, Հայաստանում արագ ու համեմատաբար մատչելի ցանցային կապի ի հայտ գալով, ինչպես նաեւ սոցիալական ցանցերի աճով: Եթե այսօր ԶԼՄ-ն չկա որեւէ սոցիալական ցանցում, ապա մեծ քանակով այցելություն է կորցնում»,- ասաց Կ. Վրթանեսյանը:

Ըստ նրա' Հայաստանն ու Ադրբեջանն ավելի լավ են ներկայացված, չնայած տարածաշրջանում Վրաստանում է ինտերնետ կապն ամենաարագն ու որակյալը:

Ըստ Արմեն Հարեյանի' այսօր հայկական կողմի ամենակարեւոր խնդիրը կրթության հարցն է: «Մենք ունենք պրոֆեսիոնալիզմի լուրջ պակաս, շատ ուսանողներ ավարտելուց հետո նորմալ չեն կարողանում կազմել իրենց միտքը: Խնդիր կա այլ լեզուներով գրող մասնագետների, անգամ հայերեն գրող մասնագետների պակաս է զգացվում»,- ասաց Ա. Հարեյանը' ավելացնելով, որ կցանկանար' հայկական տեղական օնլայն լրատվամիջոցներն իրենց առջեւ խնդիր դնեին մրցել «New York Times»-ի կամ «Finansial Times»-ի պես լրատվամիջոցների հետ։

Կարեն Վրթանեսյանը եւ Արմեն Հարեյանն այս խնդիրների մի քանի լուծում առաջարկեցին: Ըստ Արմեն Հարեյանի' առաջին հերթին պետք է ավելացնել լրատվական կայքերը Google News, Bing կամ Yandex որոնողական համակարգերում:

«Այս տարբերակը կբերի հսկայական այցելություն եւ եկամուտ: Մյուս լուծումը «Live blogging»-ով (ուղիղ հեռարձակում) զբաղվելն է, որն օպերատիվ լրատվության եւ կրկին մեծաքանակ այցելուներ ձեռք բերելու մեթոդ է: Անհրաժեշտ է որ լրատվամիջոցը լինի սոցիալական ցանցերում: Մեր մամուլը պետք է լուրջ մտածի եկամտաբերության մասին եւ չմնա միայն դոնորների հույսին»,- կարծիք հայտնեց Արմեն Հարեյանը: Կարեն Վրթանեսյանն էլ նկատեց, որ այսօր համացանցում կան այնպիսի բլոգերներ, որոնք ավելի շատ ընթերցող ունեն, քան լրատվամիջոցները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում