Փաստ մեկնաբանությամբ

Կրծքով կերակրելու դեպքում տարեկան երկու միլիոն երեխայի կյանք կարելի է փրկել

3 րոպեի ընթերցում

Կրծքով կերակրելու դեպքում տարեկան երկու միլիոն երեխայի կյանք կարելի է փրկել

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ամերիկյան համալսարանում այսօր կազմակերպվեց «Երեխաների կրծքով սնուցման խրախուսման եւ մանկական սննդի վաճառահանման օրենսդրական կարգավորումը» թեմային նվիրված քննարկում: Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության մոր եւ մանկան առողջության պահպանման վարչության պետ Կարինե Սարիբեկյանը նշեց, որ պարբերաբար խոսվում է, թե որքան երեխայի կյանք կարելի է փրկել միայն կրծքով կերակրման հաշվին:

Կա վիճակագրություն, ըստ որի' տարեկան մինչեւ երկու միլիոն երեխա կարելի է չկորցնել կրծքով կերակրելու դեպքում: Երեխաներին մինչեւ 6 ամսականը անհրաժեշտ է կերակրել բացառապես կրծքով: Կ. Սարիբեկյանի խոսքով' փորձը ցույց է տալիս, որ կրծքով կերակրված երեխաները մտավոր ունակություններով շահեկանորեն տարբերվում են այլ սնունդ ընդունածներից: Ըստ նրա' կրծքով սնուցված երեխաները լինում են առավել առողջ, դիմացկուն, իսկ սնուցող մայրերն ավելի հեշտ են դիմադրում հիվանդություններին, վերջիններս նաեւ առավել քիչ են հակված քաղցկեղ ձեռք բերելուն:

Կ. Սարիբեկյանը նշեց, որ կրծքով սնուցում չստանալու պատճառով է մեզանում երեխաների միջին հասակը մի քանի սանտիմետրով նվազել: Նա նաեւ կարեւորեց 6 ամսականից հետո' մինչեւ 2 տարեկանը կրծքով կերակրելուն զուգահեռ ճիշտ սննդի ընտրությունը: Այսուհանդերձ, ԱՆ ներկայացուցիչը փաստում է, որ վերջին տարիներին մեր երկրում ոգեւորիչ արդյունքներ են նկատվում երեխաներին կրծքով կերակրելու հարցում:

Հայաստանում, ըստ պաշտոնական տվյալների, 2010 թվականին 400-ից ավել երեխա է մահանում կյանքի առաջին տարվա ընթացքում: Երեխաների մեծամասնությունը մահանում է կանխարգելելի հիվանդություններից: Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության եւ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հետազոտությունների, երեխային մինչեւ երկու տարեկան կրծքով կերակրելը կարող է կրճատել մանկական մահացությունը մինչեւ 10-20 տոկոսով: Հայաստանի Հանրապետությունը միացել է 1981 թ. Առողջապահության համաշխարհային ասամբլեայի կողմից ընդունված «Կրծքի կաթի փոխարինիչների վաճառահանման միջազգային օրենսգրքին», որից մասնակի դրույթներ ներառվել են «Գովազդի մասին» եւ «Սննդամթերքի մասին» ՀՀ օրենքներում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում