Փաստ մեկնաբանությամբ

Ս. Օհանյան. «Պաշտպանության վերանայման ռազմավարական գործընթացում դիտարկվել են բոլոր հնարավոր սպառնալիքները»

5 րոպեի ընթերցում

Ս. Օհանյան. «Պաշտպանության վերանայման ռազմավարական գործընթացում դիտարկվել են բոլոր հնարավոր սպառնալիքները»

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այսօր տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության պաշտպանության ռազմավարական վերանայման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի ամփոփիչ նիստը: Նիստի ընթացքում ներկայացվեցին ռազմավարական վերանայման ուղղությամբ միջգերտեսչական հանձնաժողովի կատարած աշխատանքների արդյունքները: Ինչպես նշեց ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, ՀՀ պաշտպանական համակարգի առնձնահատկությունները պայմանավորված են այն բարդ աշխարհաքաղաքական պայմաններով, որոնցում գտնվում է մեր պետությունը, ուստի այս պարագայում մեզ անհրաժեշտ է լավ զինված եւ պատրաստված բանակ: «Մեր բանակը ձեւավորվել է մեզ պարտադրված պատերազմի ժամանակ եւ ազգային- ազատագրական ոգու զարթոնքի պայմաններում, ուստի անհրաժեշտ է մեր զինված ուժերի կատարելագործումը եւ համապատասխանեցումը ներկա պայմաններին»,- նշեց ԱԱԽ քարտուղարը' ավելացնելով, որ այս գործընթացը մշտապես գտնվում է ՀՀ նախագահի եւ Ազգային անվտանգության խորհրդի ուշադրության կենտրոնում:

Ա. Բաղդասարյանի խոսքով' հանձնաժողովում ներկայացված գերատեսչությունների ներկայացուցիչները վերանայման գործընթացում իրականացրել են իրենց առջեւ դրված խնդիրները, եւ կատարված հսկայական աշխատանքի արդյունքում այժմ ունենք ժամանակակից համակարգ, որը կարող է համապատասխանել ներկա մարտահրավերների դիմակայմանը: «Սա շարունակական գործընթաց է, եւ բոլոր շահագրգիռ կողմերը ներառված են լինելու այս գործընթացում»,- ասաց ԱԱխ քարտուղարը' շեշտելով, որ պաշտպանության վերանայման արդյունքում մենք ունենք մի համակարգ, որը քայլում է ժամանակի հետ համաշունչ: «Մենք պետք է ունենանք ժամանակակից եւ պատրաստ զինված ուժեր, որոնք անհրաժեշտության պարագայում պատրաստ կլինեն պաշտպանելու մեր հայրենիքը»,- շեշտեց Ա.Բաղդասարյանը:

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, շնորհակալություն հայտնելով միջգերատեսչական հանձնաժողովի անդամներին եւ խորհրդատու միջազգային փորձագետներին' ԱՄՆ-ից, Միացյալ Թագավորությունից, Ռուսաստանի Դաշնությունից, նշեց, որ 2,5 տարվա աշխատանքն այժմ տալիս է իր արդյունքները: «Սա Հայաստանի համար մի ուշագրավ գործընթաց էր, երբ ներառված բոլոր մարմինների ներկայացուցիչներն ուղղորդեցին մեր պաշտպանության համակարգի համապատասխանեցումը անվտանգության միջավայրին»,- շեշտեց նախարարը' հավելելով, որ 21-րդ դարում անվտանգության համակարգը ներկայացնում է դիվանագիտական, ռազմական, տնտեսական եւ տեղեկատվական անվտանգության ապահովման կարողությունների ամբողջությունը:

Ս. Օհանյանի փոխանցմամբ' միջգերատեսչական հանձնաժողովը նաեւ աշխատանքներ է կատարել ՀՀ անվտանգության սպառնալիքների բացահայտման եւ դրանց դիմակայելու կարողությունների ուրվագծման առումով: «Պաշտպանության վերանայման ռազմավարական գործընթացում դիտարկվել են բոլոր հնարավոր սպառնալիքները, այդ թվում' ներքին անկայունության, արտաքին լայնածավալ պատերազմի եւ տեխնածին աղետների հնարավորությունը, ընդհուպ միչեւ նվազող ժողովրդագրության խնդիրներ: Կատարվել է այս բոլոր խնդիրների լայնածավալ վերլուծություն' ելնելով այն դիտանկյունից, որ մինչեւ 2015թ-ը Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ կպահպանվի ներկայիս ստատուս-քվոն»,- ասաց նախարարը' հավելելով, որ քննարկվել են նաեւ զինված ուժերի տեղակայման եւ ֆինանսատնտեսական հարցեր: Վերանայվել են «Սպառազինությունների եւ ռազմական տեխնիկայի ծրագիրը», ինչպես նաեւ «Զինված ուժերի զարգացման պլանը»' շեշտը դնելով ոչ միայն քանական, այլ նաեւ որակական ցուցանիշների վրա: «Մեր հիմնական նպատակն է զինված ուժերին հաղորդել «խելացի զինված ուժերի» հատկանիշներ»,- նշեց Ս.Օհանյանը' տեղեկացնելով նաեւ, որ պաշտպանության ռազմավարության ոչ գաղտնի մասը հասանելի է նաեւ պաշտպանության նախարարության պաշտոնական կայքում:

Այնուհետեւ նախարարը մեդալներով, շնորհրակալագրերով եւ պատվոգրերով պարգեւատրեց պաշտպանության ռազմավարական վերանայման գործում իրենց ներդրումն ունեցած շուրջ 40 մասնագետների, այդ թվում' Մեծ Բրիտանիայի եւ ԱՄՆ խորհրդատուներ' պաշտոնաթող գեներալ-մայոր Ջոն Դրեւինկեւիչին եւ գիտությունների դոկտոր Անտոնիուս Բերնարդսին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում