Փաստ մեկնաբանությամբ

Վլ. Զախարով. «Պետք է վերջ դրվի Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանությանը»

3 րոպեի ընթերցում

Վլ. Զախարով. «Պետք է վերջ դրվի Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանությանը»

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախքան Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների կազանյան հանդիպումը, կարծես թե որոշված էր, որ ինչ-որ փաստաթուղթ պետք է ստորագրվի, սակայն այդ ամենը խաբուսիկ էր: Այսօր «Ղարաբաղյան հակամարտության կագավորման հարցերին նվիրված եռակողմ հանդիպման արդյունքները» թեմայով Երեւան-Մոսկվա տեսակամուրջի ժամանակ այս մասին հայտնեց Սեւծովյան-կասպյան տարածաշրջանի քաղաքական եւ սոցիալական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Զախարովը' հավելելով, որ նախակազանյան գործընթացները հարթ էին ընթանում, մինչդեռ Կազանում Ադրբեջանի նախագահը հանդես եկավ հիմնարար սկզբունքներում նոր փոփոխություններ անելու առաջարկով, ինչը, ըստ նրա, շատ լուրջ հայտարարություն էր, որը մինչ այդ հանդիպումը չէր հնչել: Ըստ Վլ. Զախարովի' բազմաթիվ դերակատարներ են ի հայտ եկել, որոնք ցանկանում են խառնվել ԼՂ հարցի լուծման բանակցային գործընթացին, որը, սակայն, կվնասի հարցի լուծմանը: Նա նշեց, որ Ռուսաստանի նախագահն արդեն հայտարարել է, որ չի մասնակցի հաջորդ հանդիպումներին, եթե կողմերը չստորագրեն ինչ-որ հստակ համաձայնության շուրջ: «Առանց Լեռնային Ղարաբաղի մասնակցության' խոսել վերջինիս խաղաղության մասին անհնար է»,- նշեց Վլ. Զախարովը' հավելելով, որ պետք է վերջ դրվի Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանությանը:

Կասպյան համագործակցության ինստիտուտի գլխավոր տնօրեն, քաղաքագետ, հրապարակախոս Սերգեյ Միխեեւի խոսքով' Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման գլխավոր խոչընդոտն այն է, որ կողմերից յուրաքանչյուրն ունեն հարցի լուծման տարբեր դիրքորոշումներ, որոնք հակասական են եւ չեն հատվում:

Ի պատասխան այն հարցին, թե ինչո՞ւ կազանյան հանդիպումը բեկումնային չեղավ' «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության նախագահ, քաղաքագետ Կարեն Բեքարյանը նշեց, որ բոլորը բեկում են փնտրում ոչ այնտեղ, որտեղ պետք է: «Ադրբեջանի նախագահը միանշանակ այլ պահվածք ունի իր ներքին լսարանի առջեւ, եւ իրեն միանգամայն այլ կերպ է պահում բանակցային գործընթացի ժամանակ: Եթե նա իր հանրությանը պատերազմի է նախապատրաստում, այնուհետեւ, եթե ստորագրեր ինչ-որ փաստաթուղթ, ակնհայտ է, որ դա չէր ընդունվի Ադրբեջանի հասարակության կողմից»,- ընդգծեց քաղաքագետը' հենց սա համարելով կազանյան հանդիպման բեկումնային արդյունքի բացակայության առաջնային պատճառը: Ըստ նրա' մյուս պատճառն այն է, որ բանակցային տրամաբանությունը հստակ չէ. հարցը չի կարող լուծվել առանց Արցախի անմիջական մասնակցության: Կ. Բեքարյանի կարծիքով' Ռուսաստանի դերը մեծ է հարցի կարգավորման գործում, սակայն խնդրի լուծումը մենաշնորհելու յուրաքանչյուր փորձ վտանգավոր է' անկախ նրանից, թե որ երկիրը դա կլինի:

ԱՊՀ երկրների ինստիտուտի հայկական մասնաճյուղի տնօրեն Ալեքսանդր Մարկարովի խոսքով' ԼՂ հակամարտությունը պետք է լուծվի միայն խաղաղ բանակցային ճանապարհով' ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: Ըստ նրա' բանակցային կողմ պետք է դառնա նաեւ Ստեփանակերտը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում