Փաստ մեկնաբանությամբ

Գ.Մալենցյան. «Թմրամոլության երիտասարդացում է նկատվում»

4 րոպեի ընթերցում

Գ.Մալենցյան. «Թմրամոլության երիտասարդացում է նկատվում»

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թմրամիջոց օգտագործողի նկատմամբ չպետք է պատժիչ միջոցներ կիրառել, այլ պետք է փորձել շարունակական հոգածությամբ, բուժման միջոցով, նրանց նկատմամբ մարդկային վերաբերմունք ցուցաբերելով օգնության ձեռք մեկնել: Նման կարծիք այսօր հայտնեց Հարավային Կովկասում սահմանների համալիր կառավարման ծրագրի հայաստանյան ղեկավար Գրիգոր Մալենցյանը:

«Բոլորին պարզ է, որ չկա աշխարհում այնպիսի հասարակություն, որը զերծ լինի թմրամիջոցներից: Այդ դեպքում պետք է համալիր մոտեցում ցուցաբերել, որպեսզի թմրամիջոց օգտագործողը դուրս գա այդ իրավիճակից: Միայն բուժումները բավարար չեն, այստեղ լուրջ հոգեբանական աշխատանք է անհրաժեշտ»,-ասաց Գ. Մալենցյանը' ավելացնելով, որ հասարակության վերաբերմունքը խիստ կարեւորվում է: Նա նկատեց, որ թմրամոլը բուժվելուց հետո, եթե հասարակության շրջանում խնդիրների հետ է բախվում, ապա նրա համար դժվարին իրավիճակ է ստեղծվում: Գ. Մալենցյանի խոսքով' այսօր շատ գործատուներ, երբ իմանում են, որ աշխատանք փնտրողը ժամանակին թմրամիջոց է օգտագործել, խուսափում են նրանից, չնայած վերջինս փորձում է ձերբազատվել այդ խնդրից եւ նոր կյանք սկսել: Եվրոպական երկրներում նման մարդիկ միավորվում են, հասարակական կազմակերպություններ ստեղծում եւ փորձում միասնական ուժերով ինտեգրվել հասարակությանը: Եվրոպայում նմանատիպ հասարակական կազմակերպություններին պետությունը սատար է կանգնում' աջակցելով ֆինանսական միջոցներով:

«Թմրամիջոց օգտագործող մարդը հիվանդ է, նրան պետք է օգնել: Նա հիվանդ է, ինչպես շաքարային դիաբետ կամ քաղցկեղ ունեցողը: Չէ՞ որ նրանց մենք չենք անտեսում, տարբեր տեսակի հալածանքների չենք ենթարկում, այլ շարունակում ենք միջոցներ հայթայթել նրանց օգնելու համար»,-ասաց Գ. Մալենցյանը:

Հայաստանում թմրամիջոցներից կախվածություն ունեցող մարդկանց թիվը 2009 թվականին եղել է 1 717, 2010 թվականին' 2 751: Խոսքը գնում է միայն հաշվառված հիվանդների մասին: 2009 թվականին բուժում է ստացել 257 թմրամիջոցներից կախվածություն ունեցող անձ, 2010թ-ին' 359-ը: 2002թ-ին բուժվել էր ընդամենը 22 անձ:

Երբ ՀՀ գլխավոր դատախազության նախաձեռնությամբ փոփոխություններ կատարվեցին ՀՀ քրեական օրենսգրքում եւ թմրամիջոցների գործածումն ապաքրեականացվեց, եկավ մի պահ, երբ թմրամիջոցներ գործածողը սկսեց դիտարկվել ոչ թե որպես հանցագործ, այլ հիվանդ: Թմրամիջոցներ օգտագործողները սկսեցին դիմել բուժհաստատություններ, եւ նկատվեց բուժվողների թվի կտրուկ աճ: Նրանք ոչ միայն տեղացիներ էին, այլեւ այլ երկրներից Հայաստան ժամանած ՀՀ քաղաքացիներ: Օրենսդրական փոփոխություններից հետո նրանց նկատմամբ հետապնդումներ չկային: Գ. Մալենցյանը նշեց, որ եթե անձը ոստիկանների ձեռքում հայտնվում է որպես թմրամիջոց գործածող անձ, ապա նրա համար սահմանվում է շուրջ 100 հազարից 200 հազար դրամի շրջանակներում տուգանք: Այդ պարագայում նրան տրվում է այլ հնարավորություն: Եթե թմրամիջոց օգտագործողը չունի այդ գումարը, ապա նրան առաջարկվում է նարկոլոգիական կլինիկայում բուժում ստանալ:

Գ. Մալենցյանի խոսքով' թմրամոլության երիտասարդացում է նկատվում: Եթե նախկինում գոնե պաշտոնական տվյալներում չկային անչափահասների մասին տվյալներ, ապա այսօր արդեն դա նկատվում է: Հիմնականում թմրամիջոց օգտագործողները 30-35 տարեկան անձինք են:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում