Փաստ մեկնաբանությամբ

Երեւանցիների 71 տոկոսը համաձայն է, որ երթուղային տաքսիները փոխարինվեն ավելի մեծածավալ փոխադրամիջոցներով

5 րոպեի ընթերցում

Երեւանցիների 71 տոկոսը համաձայն է, որ երթուղային տաքսիները փոխարինվեն ավելի մեծածավալ փոխադրամիջոցներով

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայաստանի «Սպառողների ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Արմեն Պողոսյանի համոզմամբ' անհրաժեշտ է աշխատանքներ իրականացնել Երեւանի մետրոյի երեք կայարանների կառուցուման ուղղությամբ: Նրա տվյալներով' մետրոյի 1 կմ-ի կառուցումն արժե 5 միլիոն դոլար:

Ըստ կազմակերպության նախագահի' քաղաքային տրանսպորտի համամասնության մեջ էլեկտրատրանսպորտը, մասնավորապես' մետրոն, չի կարող ինքնածախսածածկող լինել. այն աշխատում է սուբսիդիաների հաշվին: Բնակչության շրջանում «Սպառողների ասոցիացիա»-ի անցկացրած հարցման արդյունքներով' ավելի քան 71 տոկոսը համաձայն է, որ երթուղային տաքսիները փոխարինվեն ավելի մեծածավալ փոխադրամիջոցներով, 21 տոկոսը կողմ է, որ միկրոավտոբուսները մնան, սակայն ավելի փոքր քանակով, բնակիչների 3 տոկոսը համաձայն չէ:

«Եթե մետրոյի երկարությունը 10 տոկոսով ավելացվի, ապա ստացվող եկամուտը 20-30 տոկոսով կավելանա: Այսինքն' եթե մենք 100 միավոր ծախսենք, ապա կստանանք ոչ թե 100-ի էֆեկտ, այլ 200-ի կամ 300-ի. այդպիսին է տնտեսության տրամաբանությունը»,- ասաց Ա. Պողոսյանը' տեղեկացնելով, որ ներկայում մետրոյից օգտվում է օրական մոտ 50-55 հազար, իսկ միկրոավտոբուսներից' մոտավոր հաշվարկներով 600 հազար մարդ: Ըստ ՀԿ նախագահի' մեկ ամիսը բավարար կլինի' արձանագրելու, թե նվազել է արդյոք մետրոյից օգտվողների թիվը:

«Արմենպրես»-ի հարցին, թե եղել է արդյոք ժամանակ, երբ մետրոն շահույթ եւս ունեցել է, Ա. Պողոսյանը պատասխանեց, որ եղել է ժամանակ, երբ սուբսիդիայի կարիք կար, սակայն չնչին էր, ներկա վիճակի պատճառներից մեկն էլ, ըստ բանախոսի, մետրոյից օգտվողների թվի նվազումն է:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել էին Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, Երեւանի մետրոպոլիտենի ներկայիս գործող 50 դրամ ուղեվարձի չափը (նախկինում' 40 դրամ) սահմանվել է դեռեւս 2003թ. սեպտեմբերի 1-ին։ Չնայած սակագնի բարձրացման արդյունքում ավելացել են մետրոյի եկամուտները, այնուամենայնիվ, կառավարության կողմից տրվող սուբսիդիաները չեն նվազել եւ, տարեցտարի աճելով, 2004թ. 622.2 մլն գումարը 2010թ. հասել է 1,840 մլն-ի։

2003-2010 թթ-ին էականորեն ավելացել են մետրոպոլիտենի կողմից կատարվող ծախսերը, որոնք պայմանավորված են ամբողջությամբ դրսից ներկրվող պահեստամասերի եւ նյութերի, էլեկտրաէներգայի թանկացմամբ (25% աճ), սղաճով (25%), ՀՀ-ում նվազագույն աշխատավարձերի բարձրացմամբ պայմանավորված' մետրոպոլիտենի աշխատակիցների վարձատրությանը նպատակաուղղվող ֆինանսական միջոցների զգալի ավելացմամբ եւ մի շարք այլ գործոններով, որի արդյունքում 2011թ-ի առաջին եռամսյակում մետրոպոլիտենով մեկ ուղեւորի փոխադրման ծախսը կազմել է 160 դրամ, այսինքն' պետության կողմից մեկ ուղեւորի հաշվով հատկացվող սուբսիդիայի հաշվարկային չափը հասել է 110 դրամի, ինչը գործող սակագնից ավելի է 2,2 անգամ։

Վերը նշված 160 դրամը մեկ ուղեւորի փոխադրման համար փաստացի կատարված ծախսն է, որը սակայն չի արտահայտում ինքնարժեքի հաշվարկային իրական մեծությունը։

Հայաստանի Հանրապետությունը մետրոյի վերականգնման եւ անվտանգության կապիտալ ծախսերը հոգալու համար ստիպված է եղել եվրոպական բանկերից վերցնել 10 մլն եվրո վարկ (5 մլն եվրո ստացվել է դրամաշնորհի ձեւով)։ Վարկային միջոցների մարման աղբյուր բանկերի կողմից սահմանվել է տոմսերի վաճառքից ստացվող եկամուտների ավելացումը՝ ի հաշիվ սակագնի բարձրացման։

Երեւանի մետրոպոլիտենով ուղեւորափոխադրումների տարեկան ընդհանուր ծավալը կազմում է շուրջ 20 մլն ուղեւորություն (օրական 60.000 ուղեւորություն, որը կատարում են մոտ 30 000 ուղեւոր), որը կազմում է ընդհանուր ուղեւորափոխադրումների ընդամենը 9.6%։ Ուղեւորափոխադրումների նշված ընդհանուր ծավալում ներառված են նաեւ անվճար երթեւեկելու արտոնություններից օգտվող առանձին խմբերի քաղաքացիները, որոնց տեսակարար կշիռը 10 տոկոս է եւ որոնց տեղափոխման համար ընկերությունը որեւէ լրացուցիչ ֆինանսավորում չի ստանում։Այդ ուղեւորները երթեւեկում են ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության կողմից սահմանված հատուկ նմուշի վկայականներով. այդ արտոնությունները շարունակվելու են կիրառվել։

Հաշվի առնելով վերը նշվածը' Երեւանի քաղաքապետարանը, որպես Երեւանի կառավարման մասին ՀՀ օրենքի շրջանակներում մետրոպոլիտենի պատվիրակված լիազորություններ իրականացնող մարմին, ՀՀ ֆինանսների նախարարության հետ համաձայնեցված որոշում է կայացնում հուլիսի 1-ից մետրոյի ուղեւորափոխադրման սակագինը սահմանել 100 դրամ։

Երեւան քաղաքի հասարակական տրանսպորտի բնագավառում սակագնի փոփոխություն նախատեսված չէ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում