Փաստ մեկնաբանությամբ

Մասնագետների հավաստմամբ` տեղական հրուշակեղենն ավելի որակյալ է, քան ներկրվածը

3 րոպեի ընթերցում

Մասնագետների հավաստմամբ` տեղական հրուշակեղենն ավելի որակյալ է, քան ներկրվածը

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սննդամթերքի հայաստանյան շուկայում քչացել են հրուշակեղենի, մասնավորապես' կոնֆետեղենի կեղծման դեպքերը: Այս դիտարկմամբ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հանդես եկավ Սպառողների ազգային ասոցիացիայի նախագահ Մելիտա Հակոբյանը' վստահեցնելով, որ այդ արդյունքն ապահովվել է պետության համատեղ ջանքերով:

Նրա խոսքով' շաքարային հրուշակեղենի ոլորտում տեղական արտադրանքի որակը բարձր է: «Ուշադրություն դարձրեք, որ ներկրված անհայտ ծագման հրուշակեղենի պահպանման ժամկետները մշտապես տատանվում են 3-6 ամիսների սահմաններում, իսկ տեղականինը' առավելագույնը տասն օր է»,-դիտարկեց նա' եզրակացնելով, որ դա նշանակում է, որ հայկական արտադրանքի դեպքում սպառողը վստահաբար օգտագործում է թարմ սնունդ:

Բանախոսը ցավով նկատեց, որ հայաստանյան շուկան անվստահելի է, կեղծարարության դեպքերը' շատ: «Այս երեւույթի դեմ պայքարելու համար շուկան մշտապես վերահսկում ենք»,-վստահեցրեց Մ. Հակոբյանը' հիշեցնելով, որ առանց պիտակավորման սնունդը կեղծված է եւ անհայտ ծագման: «Կեղծարարները ոչ օրիգինալ ապրանքատեսակներն անպայմանորեն որեւէ չնչին տարրի տարբերությամբ են արտադրում, որպեսզի մատնվելիս կրկնակի չտուգանվեն»,-նկատեց նա' կոչ անելով հետեւողական լինել հատկապես սննդի շուկայում:

Կեղծման ավելի մեծ ռիսկային գոտու վերաբերյալ հարցերին բանախոսը պատասխանեց, որ առավել շատ անօրինություններն ի հայտ են գալիս խոշոր ձեռնարկությունների արտադրանքի կրկնօրինակման փորձերում, օրինակ' ալկոհոլային խմիչքեղենի շուկայում:

Սննդամթերքի ձմեռային վաճառքի վնասակարության մասին հիշեցրեց գյուղատնտես Լեւոն Աճեմյանը' բնակչությանը խորհուրդ տալով պտուղ-բանջարեղենից օգտվել հիմա' ամռանը, քանի որ ձմռանն այդ մթերքն աճեցվում է փակ ջերմոցային պայմաններում' պարունակելով որոշակի վտանգ օրգանիզմի առողջության համար: «Սննդի մեջ նիտրատների քանակով է որոշվում տվյալ սննդի օգտակարությունն ու վնասակարության աստիճանը. որքան բարձր է այդ ցուցանիշը, այնքան վտանգավոր է մթերքն օրգանիզմի համար»,-բացատրեց Լ. Աճեմյանը' հավելելով, որ նիտրատների բարձր քանակն օրգանիզմում նպաստում է կաթնաթթվի եւ խոլեստերինի բարձր' վնասակար աստիճանի առաջացմանն ու նվազեցնում է օգտակար սպիտակուցների քանակը: «Օրգանիզմն անորակ սննդի հետեւանքով հայտնվում է կենսաքիմիական դեպրեսիայում»,-նշեց գյուղատնտեսը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում