Փաստ մեկնաբանությամբ

Մարդասիրական սկզբունքները Գ. Խաչատրյանին ստիպել են դեմ գնալ քննական կարգին

2 րոպեի ընթերցում

Մարդասիրական սկզբունքները Գ. Խաչատրյանին ստիպել են դեմ գնալ քննական կարգին

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանի պետական համալսարանում այսօր «Հայոց պատմություն» առարկայի ընդունելության քննության ընթացքում քննական կարգի խախտում է գրանցվել: Դիմորդ Լեւոն Պողոսյանը քննասենյակ է մտել ժամը 09:45-ին այն դեպքում, երբ նա քննասենյակում պետք է լիներ ժամը 08:00-ին: Դրան էլ գումարած' քննական թեստերն արդեն բաժանված էին, իսկ քննությունը' սկսված:

Գնահատման եւ թեստավորման կենտրոնի տնօրեն Գուրգեն Խաչատրյանը, մեկնաբանելով կատարվածը, նշեց, որ դիմորդների ծնողները խմբակային դիմավորել են իրեն մուտքի մոտ եւ խնդրել միջնորդել, որպեսզի դիմորդը մտնի եւ մասնակցի ընդունելության քննությանը: «Գուցեեւ քննական կարգի խախտում եմ կատարել, դա վերցնում եմ ինձ վրա»,- ասաց Գ. Խաչատրյանը' նշելով, որ հասկանալի է, որ այդ որոշումն իրականացվել է ի հաշիվ քննական գործընթացի կազմակերպիչների: «Եթե դրա համար ինձ պետք է պատժեն, թող պատժեն»,- նշեց Գ. Խաչատրյանը:

Անդրադառնալով դիմորդի ուշացման պատճառներին' ԳԹԿ տնօրենը նշեց. «Հազար ու մի պատճառ կարող էր եղած լինել: Չհետաքրքրվեցի, քանի որ դա նրանից ավելորդ րոպե կխլեր: Պետք էր արագ որոշում կայացնել»: Նա հավաստիացրեց, որ բոլորովին չի ճանաչում դիմորդին:

Քննական կենտրոնի ղեկավար Կարո Նասիբյանը, ով սկզբում թույլ չէր տալիս դիմորդին մասնակցել քննությանը, նշեց, որ ինքը չէր կարող քննական կարգը խախտել, որովհետեւ ՀՀ կառավարության սահմանած կարգով միանշանակորեն նշված է, որ թեստերը բացելուց հետո այլեւս ոչ մեկ իրավունք չունի ներս մտնել: «Մենք ոչ միայն թեստերն էինք բացել, այլեւ սկսել էինք գրավոր աշխատանքը»,- նշեց Կ. Նասիբյանը' հավելելով, որ նույն հաջողությամբ դիմորդը կարող էր, ասենք, կես ժամ ավել մնալ քննական կենտրոնում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում