Փաստ մեկնաբանությամբ

Ապօրինի անտառահատումները նվազել են

5 րոպեի ընթերցում

Ապօրինի անտառահատումները նվազել են

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Բնության պահպանության միջազգային միությունն (IUCN) ու Ագրոբիզնեսի հետազոտությունների եւ կրթության միջազգային կենտրոնը (ICARE) այսօր ներկայացրին «Գյուղական բնակչության վրա անտառների անկայուն օգտագործման եւ ապօրինի հատումների սոցիալական ու տնտեսական ազդեցության գնահատում» հետազոտության արդյունքները: Այն իրականացվել է Եվրոպական հարեւանության քաղաքականության արեւելյան երկրներում եւ Ռուսաստանում անտառային օրենսդրության կիրարկման եւ անտառային ոլորտի կառավարման բարելավում (ENPI FLEG) ծրագրի շրջանակներում:

Ծրագրի ղեկավար Տաթեւիկ Զոհրաբյանը ներկայացրեց անտառամերձ ութ մարզերի 819 տնային տնտեսությունների եւ անտառներով հարուստ երեք մարզերում գործող 20 սղոցարանների շրջանում անցկացված հարցումների արդյունքները: Վերլուծվեցին 2003 եւ 2010 թթ. հարցումների արդյունքները: Յոթ տարվա ընթացքում հարցմանը մասնակցած տնային տնտեսությունների կողմից վառելափայտի սպառման միջին մակարդակը նվազել է 11.8 տոկոսով, իսկ մեկ խորանարդ մետր վառելափայտի միջին գինն ավելացել 29 տոկոսով: Անտառային ռեսուրսները նվազել են, իսկ մեկ խորանարդ մետր վառելափայտի գինը' բարձրացել, ինչը կապված է վերջինիս պահանջարկի ոչ ճկուն բնույթի եւ անտառների դժվարանցանելի հատվածներից վառելափայտի ձեռքբերման համար պահանջվող լրացուցիչ ծախսերի հետ: Վառելափայտի պահանջարկի պատճառներից մեկն, ըստ Տ. Զոհրաբյանի, անտառամերձ շատ համայնքներում վերջինիս համեմատաբար ցածր գինն է' ի հակադրություն բնական գազի, էլեկտրաէներգիայի կամ այլ վառելանյութի գնի:

Նվազել է նաեւ անտառից վառելափայտ ձեռք բերող տնային տնտեսությունների քանակը. այժմ նրանք վառելափայտը գնում են միջնորդներից: Բնակիչների մուտքն անտառ սահմանափակելու եւ նրանց կողմից իրականացվող ապօրինի հատումների ծավալը կրճատելու «Հայանտառ»-ի ջանքերը, ծրագրի ղեկավարի գնահատմամբ, բավական հաջող էին: 2003 թ.-ի համեմատությամբ, այժմ արտադրական նպատակով հատումներ իրականացնողների թիվն ավելացել է, իսկ նրանց մուտքն անտառ' հեշտացել, նաեւ չարաշահվում է «Հայանտառ»-ի կողմից տրամադրված միեւնույն տոմսը մի քանի անգամ օգտագործելու մեխանիզմը: Հետազոտության հաշվարկներով' ապօրինի հատումների տարեկան նվազագույն ծավալը 240 հազար խորանարդ մետր է:

Անտառների պաշտպանության արդյունավետությունը մեծացնելու եւ ապօրինի հատումների դեմ պայքարելու նպատակով' ուսումնասիրության արդյունքում առաջարկվում են պիլոտային ծրագրեր, որոնք կազդեն վառելափայտի պահանջարկի վրա եւ կմեծացնեն վառելիքի այլընտրանքային միջոցների մատչելիությունը: Մասնավորապես' անտառամերձ համայնքների բնակչության կենսապայմանները բարելավելու համար առաջարկվում է ստեղծել անտառի ոչ բնափայտային արտադրանքի (պտուղներ, հատապտուղներ, բանջարեղեն) ընդունման կետեր եւ որոշ տարածքներում զարգացնել մեղվաբուծության բիզնեսը: Վառելիքի այլընտրանքային աղբյուրների մատչելիությունն ապահովելու համար առաջարկվում է արեւային էներգիայի եւ բիոգազի լայնածավալ օգտագործումը:

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Մարտուն Մաթեւոսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ընդհանուր օգտագործվող փայտանյութի մեջ մեծ ծավալ է կազմում թափուկ-փայտանյութը, որն օգտագործվում է համայնքների կողմից: «Ցավոք, մեր օրենսդրությամբ ապօրինի հատումների եւ ապօրինի անտառօգտագործման միջեւ տարբերություն չկա. երկուսն էլ ընկալվում են որպես ապօրինի հատումներ»,- ասաց Մ. Մաթեւոսյանը' նշելով, որ բացարձակ իրականություն է ապօրինի հատումների տասնյակ անգամ նվազելը: Նրա խոսքով' վերջին տարիներին «Հայանտառ»-ը երբեք այսքան խստորեն չի ստուգվել ապօրինի հատումների հարցում. ներկայում այն ստուգում է Բնապահպանական պետական տեսչությունը: «Հայանտառ»-ի տնօրենը, սակայն, նշեց, որ ուսումնասիրության մեջ արձանագրված են միայն «Հայանտառ»-ի ապօրինի հատումները, մինչդեռ պետք էր վերցնել ե'ւ «Հայանտառ»-ի, ե'ւ տեսչության, ե'ւ մոնիթորինգի արդյունքները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում