Փաստ մեկնաբանությամբ

Արցախի Տիգրանակերտը` ադրբեջանական հակաքարոզչության թիրախ

4 րոպեի ընթերցում

Արցախի Տիգրանակերտը` ադրբեջանական հակաքարոզչության թիրախ

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Տիգրանակերտ քաղաքի այս տարվա պեղումները կանցկացվեն հունիսի 20-ից օգոստոսի 20-ն ընկած ժամանակահատվածում: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի Արցախի արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը, այս տարվա պեղումների անցկացման համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը հատկացրել է 22 մլն դրամ: Պեղումներն անցկացվելու են 8 հոգուց բաղկացած արշավախմբի մասնակցությամբ, որի կազմում են հնագետներ, ճարտարապետ, բուսաբան, մարդաբան: Պեղումներին որպես պրակտիկանտներ կմասնակցեն նաեւ ուսանողներ Շվեյցարիայից:

Հ. Պետրոսյանի խոսքով' այս տարի լույս կտեսնի Տիգրանակերտի պեղումների արդյունքները ներկայացնող գիրքը: Անցյալ տարի տեղի է ունեցել «Տիգրանակերտ. Վերադարձող քաղաք» ֆիլմի պրեմիերան: Նախատեսվում է եւս մեկ ֆիլմ ստեղծել' «Տիգրանի դասերը» անվանմամբ, որտեղ առանձին մի բաժին նվիրված կլինի Տիգրանակերտին, նաեւ պատրաստվում է ֆիլմ' նվիրված Արցախի տարբեր հուշակոթողներին:

Ըստ Հ. Պետրոսյանի' նախորդ տարվա պեղումների ամենաէական արդյունքն անտիկ թաղամասի եւ անտիկ դամբարանադաշտի հայտնաբերումն էր: «Մինչ այդ, մենք նույնիսկ չգիտեինք, որտեղ փնտրել դրանք: Այս տարի մենք ընդարձակ պեղումներ կանենք ե'ւ անտիկ թաղամասում, ե'ւ դամբարանադաշտում»,- ընդգծեց Հ. Պետրոսյանը:

Արդեն մեկ տարի է' գործում է նաեւ Տիգրանակերտի թանգարանը: Արցախի արշավախմբի ղեկավարը նշեց, որ թանգարանն այս մեկ տարվա ընթացքում մի քանի տասնյակ հազար այցելու է ունեցել: Այս տարի նախատեսվում է թարմացնել թանգարանի ցուցադրությունը:

Ի պատասխան այն հարցին, թե ինչպիսի՞ նշանակություն են ունենում Տիգրանակերտի պեղումները Հայաստանի համար' Հ. Պետրոսյանը նշեց, որ եթե Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման համար պատմական եւ մշակութային փաստերը որեւէ դեր խաղում են, ապա, ակնհայտորեն, Տիգրանակերտն առաջին տեղում է: «Մեր մշակութային որեւէ երեւույթ այնքան չի արժանացել ադրբեջանական հակաքարոզչությանը, որքան Տիգրանակերտը»,- շեշտեց Հ. Պետրոսյանը:

Անդրադառնալով ադրբեջանական մամուլում հայտնված այն հրապարակումներին, թե իբր Տիգրանակերտի պեղումների ժամանակ հայերը ոչնչացնում են ադրբեջանական հուշակոթողներ' Հ. պետրոսյանը նշեց, որ դրանք Ադրբեջանի հերթական զավեշտալի հայտարարություններն են: «Ես բազմիցս հայտարարել եմ, որ պատրաստ եմ ադրբեջանցի հնագետի հրավիրել Տիգրանակերտ եւ ցույց տալ,թե ինչ ձեւով ենք մենք պեղված իրերը վերականգնում, պահում, ցուցադրում, իսկ նրանք այդպիսի համակարգ չունեն»,- նշեց նա' հավելելով, որ ադրբեջանական նմանատիպ հերյուրանքներն արժանի չեն ուշադրության:

Նշենք, որ Արցախի Տիգրանակերտի պեղումները սկսվել են 2006թ-ից: Արդյունքում գտնվել եւ ուսումնասիրվել են քաղաքի միջնաբերդը, պարիսպները, քաղաքի կենտրոնական մասը եւ վաղ միջնադարյան բազիլիկ եկեղեցին: Պեղումների ամենակարեւոր գտածոներից մեկը 2008թ-ին հայտնաբերված հայերեն արձանագրությունն է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում