Փաստ մեկնաբանությամբ

Ադրբեջանում բոլոր հնարավոր մեթոդներով իրականացվում է հայի բացասական կերպարի ձեւավորում

2 րոպեի ընթերցում

Ադրբեջանում բոլոր հնարավոր մեթոդներով իրականացվում է հայի բացասական կերպարի ձեւավորում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանում բոլոր հնարավոր մեթոդներով իրականացվում է հայի բացասական կերպարի ձեւավորում: Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց թուրքագետ Վարուժան Գեղամյանը, այս մասին շեշտված է Եվրախորհրդի հովանու ներքո գործող Ռասիզմի եւ անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողովի զեկույցում: Սա արդեն 3-րդ զեկույցն է, որում նշվում է, թե ինչ իրավիճակ է տիրում Ադրբեջանում եւ ինչպես են բոլոր հարթակներում, բոլոր հնարավոր միջոցներով հասարակության մեջ ձեւավորում հայի բացասական կերպար: Վ. Գեղամյանը նշեց, որ այս զեկույցն, ըստ էության, նախորդներից այդքան էլ չի տարբերվում, պարզապես այստեղ որոշ տեղերում խիստ շեշտադրումներ կան:

Զեկույցում նշվում է, որ Ադրբեջանում կա 20-30 հազար հայ, սակայն այնտեղ այնքան վատ է իրավիճակը, որ հայերը որեւէ կերպ հնարավորություն չունեն ելույթ ունենալ, ինքնադրսեւորվել, նույնիսկ վախենում են ասել, որ իրենք հայ են: Տեղի հայերն այն մարդիկ են, ովքեր թաքցնում են իրենց ազգությունը կամ խառն ամուսնությունների արդյունքում են այդտեղ բնակվում: Նրանցից շատերը ենթարկվում են բոլոր տեսակի ճնշումների եւ, ինչպես զեկույցում է նշված, դա խիստ վտանգավոր է:

Վ. Գեղամյանը նշեց, որ ցածր դասարանցիների համար նախատեսված դասագրքերում հայերը ներկայացված են որպես դավադիրներ, ոխերիմ թշնամիներ, վրիժառուներ, որոշ տեղերում' նույնիսկ նախանձներ: Չնայած դրան' Հայաստանի դասագրքերում նման մոտեցումները բացակայում են:

«Ներկայիս խաղաղ պայմաններում միջազգային կառույցները խոսում են երկխոսության, հանդուրժողականության մասին, սակայն, ինչպես տեսնում ենք, նման բան գոյություն չունի: Ադրբեջանը բոլոր հնարավոր մակարդակներում այնպես է անում, որ հայերը դիտարկվեն որպես թշնամիներ»,-ավելացրեց Վ. Գեղամյանը: Ըստ նրա' սա ոչ միայն միջազգային հանրության, այլեւ հայ ազգի համար է ապացույց, որ Ադրբեջանը պատրաստ չէ բանակցություններին:

Նշենք, որ զեկույցում, հայերից բացի, անդրադարձ է կատարվել Ադրբեջանում այլ ազգային փոքրամասնություններին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում