Փաստ մեկնաբանությամբ

Ֆինանսական միջոցներն անարդյունավետ են օգտագործվել

4 րոպեի ընթերցում

Ֆինանսական միջոցներն անարդյունավետ են օգտագործվել

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության կառավարության այսօրվա նիստում ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանն անդրադարձավ Վերահսկիչ պալատի կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում բացահայտված ֆինանսական միջոցների անարդյունավետ օգտագործման դեպքերին:

Նրա խոսքով' անցկացվել է ծառայողական քննություն 2006-2007թվականների ընթացքում Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացված ծրագրերի վերաբերյալ' համայնքների հետազոտություն, խորհրդատվական ծառայության մատուցում, որի արժեքը 150 հազար ԱՄՆ դոլար է եղել: Մեկ այլ ծրագրով, որի արժեքն ավելի քան 28 հազար ԱՄՆ դոլար է, պարտադիր սոցիալական ապահովագրության համակարգի կատարելագործմանն ուղղված իրավական ակտերի մշակման վերաբերյալ խորհրդատվություն է մատուցվել:

Ծրագրի շրջանակներում խորհրդատուի կողմից մշակվել են երեք օրենքների նախագծեր' «Սոցիալական ապահովության պետական հիմնադրամի մասին», «Պետական ծառայողների կենսաթոշակային ապահովության մասին» ու «Պետական կենսաթոշակային ապահովագրության համակարգում անհատական հաշվառման համակարգի մասին»: Ա. Գրիգորյանի խոսքով, եթե վերջին երկու օրենքի նախագծերը չեն ընդունվել օբյեկտիվ պատճառներից ելնելով, ապա նույնը չի կարելի ասել «Սոցիալական ապահովության պետական հիմնադրամի մասին» ՀՀ նախագծի վերաբերյալ, քանի որ մինչեւ 2006թ-ն այն մշակվել էր մասնագետների կողմից: «Այսինքն' օրենքի նախագիծն արդեն իսկ մշակված է եղել, եւ լրացուցիչ անգամ ՀԲ վարկային միջոցներով պատվիրվել է նույն օրենքի նախագծի մշակումը»,- ասաց նախարարը: Իրականացվել են նաեւ 45, 43 հազար ԱՄՆ դոլարի չափով ծրագրեր, որից հատկապես վերջին ծրագրի շրջանակներում խորհրդատուն առաջարկել է սպասարկման բարելավման համար ստեղծել սոցիալական գովազդներ, տարեց մարդկանց համար կազմակերպել հատուկ ռադիոհաղորդում, համագործակցել ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի հետ: «Տվյալ դեպքում գտնում ենք, որ ընդհանրապես իմաստ չուներ հիշյալ ծրագրով համապատասխան խորհրդատվություն ստանալը»,-ասաց գերատսչության ղեկավարը:

«Իրականացված ծառայողական քննության ընթացքում թվարկված ծրագրերն ուսումնասիրելով' ակնառու է դառնում այն, որ ծառայությունների մատուցման համար սահմանված արժեքները տրամաբանական առումով տարբերվում են: Եթե պարտադիր սոցիալական ապահովագրության համակարգի կատարելագործմանն ուղղված իրավական ակտերի մշակման եւ երեք օրենքների նախագծերի մշակման աշխատանքները խորհրդատուն կատարել է 28 հազար ԱՄՆ դոլարով, ապա պարտադիր սոցիալական ապահովագրության համակարգի կատարելագործմանն ուղղված ֆինանսական համակարգի բարելավման վերաբերյալ խորհրդատվությունը մատուցվել է 45 հազար ԱՄՆ դոլարով»,- ասաց նախարարը:

Խնդրի առնչությամբ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ասաց, որ արդեն կայացվել են համապատասխան որոշումներ' նման դեպքերն այլեւս չկրկնելու համար: Կառավարության ղեկավարն ընդգծեց, որ այդ բացահայտումներից դասեր պետք է քաղել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում