Փաստ մեկնաբանությամբ

Հ. Կարապետյան. «Ադրբեջանն ու Թուրքիան յուրաքանչյուր հարթակ օգտագործում են` հակահայ գործունեության նպատակով»

3 րոպեի ընթերցում

Հ. Կարապետյան. «Ադրբեջանն ու Թուրքիան յուրաքանչյուր հարթակ օգտագործում են` հակահայ գործունեության նպատակով»

ԵՐԵՎԱՆ, 5 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանն ու Թուրքիան յուրաքանչյուր միջազգային հարթակ փորձում են օգտագործել հակահայկական քարոզչության նպատակով: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում նշեց Ազգային ժողովի «Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Հրայր Կարապետյանը, ով օրեր առաջ Ժնեւում մասնակցել է ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում անցկացված «Խորհրդարանների դերը սպառազինությունների վերահսկման, զինաթափության եւ զանգվածային ոչնչացման չտարածման գործում» համաժողովին:

Ըստ Հ. Կարապետյանի` համաժողովում Ադրբեջանի եւ Թուրքիայի պատվիրակությունները դարձյալ առիթը բաց չեն թողել բարձրաձայնելու Հայաստանի «օկուպանտ» լինելու հանգամանքը, ինչպես նաեւ առաջ քաշել Մեծամորի ատոմակայանի իբր վտանգավոր լինելը: «Ավելին` թեկուզեւ տեղը չէր ու առհասարակ թեմային առնչվող քննարկում չէր, այդուհանդերձ թուրքերն ու ադրբեջանցիները կոչ էին անում միջազգային հանրությանը շուտափույթ քննարկել Մեծամորի ատոմակայանի փակման հարցը»,- ասաց Հ. Կարապետյանը:

Ի պատասխան` վերջինս փաստել է, որ Մեծամորի ատոմակայանը գործում է անխափան, եւ որ մինչ նոր ատոմային էներգաբլոկի կառուցումը` այս ատոմակայանը շարունակելու է գործել: «Առավել եւս, որ Հայաստանն այլընտրանք չունի` 17 տարուց ի վեր գտնվելով Թուրքիայի եւ Ադրբեջանի շրջափակման մեջ»,- նշեց Հ.Կարապետյանը: «Դաշնակցություն» խմբակցության պատգամավորը հիշեցրել է նաեւ, որ Թուրքիան նման պահանջներ ու մտավախություններ ներկայացնելիս չպետք է մոռանա, որ ընդամենը օրեր առաջ` մարտի 16-ին, համաձայնություն է ձեռք բերել ատոմակայան կառուցելու համար, մինչդեռ այդ պետությունը եւս գտնվում է սեյսմիկ գոտում:

Ի դեպ, Հ. Կարապետյանը հատուկ ընդգծեց, որ թե’ Թուրքիայի, թե’ Ադրբեջանի պատվիրակությունները համաժողովին ներկայացել էին բավականին ներկայացուցչական կազմով, մինչդեռ Հայաստանի ԱԺ-ն ներկայացնում էր միայն ինքը: «Ադրբեջանցիները որեւէ առիթ բաց չէին թողնում, որպեսզի անգամ տեղից աղաղակելով ու ընհատելով իմ ելույթները` հիշեցնեն այն մասին, թե, իբր, Հայաստանն «օկուպացրել» է Ադրբեջանի տարածքները. Ի դեպ` նման ընդհատումներն ու ոչ հարիր պահվածքը բավականին վատ ընդունվեցին տարբեր երկրներից այնտեղ ժամանած խորհրդարանականների կողմից»,- ընդգծեց Հ. Կարապետյանը:

Ադրբեջանական քարոզչական հիսթերիային ի պատասխան` Հ. Կարապետյանն անդրադառնալով ղարաբաղյան խնդրին` հորդորել է չմոռանալ, թե ինչի համար են իրենք հավաքվել Ժնեւում եւ որ այս համաժողովն ամենեւին էլ այն տեղը չէ, որում պետք է քննարկվի ԼՂ հարցը, քանի որ այն քննարկվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի տիրույթում: Սրան Ադրբեջանի խորհրդարանի ներկայացուցիչը դարձյալ աղաղակել է, թե ԵԱՀԿ ՄԽ-ն իրեն չի արդարացնում: Նշենք, որ համաժողովին մասնակցել են 25 երկրների 40 պատվիրակներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում