Քաղաքականություն

ՄԽ համանախագահները կոչ են արել կողմերին` հարգել հրադադարի ռեժիմը

2 րոպեի ընթերցում

ՄԽ համանախագահները կոչ են արել կողմերին` հարգել հրադադարի ռեժիմը

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ), Իգոր Պոպովը (Ռուսաստան) մարտի 17-ին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ: Հայտարարության մեջ համանախագահները նշում են, որ մարտի 15-17-ին նրանք այցելել են Ադրբեջան, Հայաստան եւ Լեռնային Ղարաբաղ:

Բաքվում նրանք հանդիպել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ արտգործնախարար Էլմար Մամեդիարովի, իսկ Երեւանում` նախագահ Սերժ Սարգսյանի եւ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Լեռնային Ղարաբաղում քննարկումներ են անցկացրել տեղի իշխանությունների հետ: Երեւանում նրանք հանդիպել են նաեւ ԵԱՀԿ գործող նախագահ Աուդրոնիուս Աժուբալիսի հետ, ով նույնպես այցելել է տարածաշրջան:

Համանախագահներին ուղեկցել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը: Հանդիպումների ընթացքում համանախագահները կոչ են արել կողմերին` օգտագործել մարտի 5-ին Սոչիում նախագահների եռակողմ հանդիպման ընթացքում գրանցված դրական պահը եւ կենտրոնանալ առաջնային խնդիրների վրա` առաջընթաց ապահովելու հիմնարար սկզբունքների շուրջ համաձայնության հասնելու համար եւ լուծելու Լեռնային Ղարաբաղի խնդիրը:

Համանախագահները նաեւ քննարկել են հստակ միջոցներ, որոնք անհրաժեշտ են իրականացնելու այն պարտավորությունները, որոնք ամրագրված են Սոչիում արված հայտարարության մեջ` կապված հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության հետ: Նրանք ընդգծել են, որ վերջին շրջանում շփման գծում տեղի ունեցող իրադարձությունները` մինչեւ Սոչիի հանդիպումը եւ դրանից հետո, ցույց տվեցին հրատապ կարիք այդպիսի մեխանիզմի համար:

Նրանք կոչ են արել կողմերին` հարգել հրադադարի ռեժիմը, նաեւ անդրադարձել են կողմերի առաջարկությանը` դուրս բերել դիպուկահարներին շփման գծից, եւ ափսոսանք հայտնել, որ դա չի արվում` կրկին կոչ անելով ընդունել առաջարկը, «որը կարող է փրկել անմեղ մարդկանց կյանքը»: Համանախագահները նաեւ ներկայացրել են երկու երկրների նախագահներին եւ Լեռնային Ղարաբաղի իշխանություններին դաշտային գնահատման զեկույցը, որը կներկայացնեն մարտի 23-ին, Վիենայում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում