Թումանյան 9 հասցեում բացվեց Բենիկ Պետրոսյանի հուշաքարը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության աջակցությամբ այսօր Թումանյան 9 հասցեում բացվեց հայ նշանավոր քանդակագործ Բենիկ Պետրոսյանի հուշաքարը, որի հեղինակը ճարտարապետ Լեւոն Իգիթյանն է:

Արվեստագետի կնոջ` Ալիսա Ադամյանի խոսքով` 1976-1996թթ-ին Բենիկ Պետրոսյանի` այս հասցեում գտնվող արվեստանոցը հայտնի էր Երեւանում որպես մի յուրօրինակ Վերնատուն, որտեղ հավաքվում էին արվեստի մարդիկ, մտավորականներ, նրա ընկերները: «Արվեստանոց այցելել են շատ նշանավոր մարդիկ, որոնց շարքում հատկանշական է 1978 թ-ին տիեզերագնացներ Ռոմանենկովի եւ Գրեչկոյի այցելությունը»,- ընդգծեց նա: Արվեստաբան Սարո Սարուխանյանի խոսքով` քանդակագործը երբեք չէր մտածում նորարությունների մասին. նա միշտ հանդարտ ստեղծագործում էր. կարծես դա անում էր ինքն իր համար` հիացնելով բոլորին:

«Շատ երջանիկ եմ, որ Բենոյի նման ընկեր ունեցա: Նրա բացը դեռեւս լրացված չէ մեզանում եւ բացակայությունը շատ է զգացվում»,-ասաց նա: Միջոցառմանը ներկա էին քանդակագործ, հուշաքարի հեղինակ Լեւոն Իգիթյանը, ճարտարապետներ, քանդակագործներ, վարպետի հարազատները, արվեստասերներ: Հիշեցնենք, որ հոբելյանական միջոցառումների շրջանակներում նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 6-ին Հայաստանի նկարիչների միության ցուցասրահում բացվել է հոբելյանական ցուցահանդես, հրատարակվել է նաեւ «Բենիկ Պետրոսյան-70» պատկերազարդ ալբոմը:

Բ. Պետրոսյանը (1939-1996) կյանքից հեռացել է ստեղծագործական ծաղկուն շրջանում` 57 տարեկանում, թողնելով եզակի ու ինքնատիպ ստեղծագործական ժառանգություն: Հայ արվեստասերին ներկայանալով իբրեւ մանրաքանդակի հիմնադիր ու անգերազանցելի վարպետ` նա միաժամանակ հիացնում է բազմաժանրությամբ` թողնելով մոնումենտալ եւ հաստոցային քանդակի, դրվագումի, գեղանկարի ու գրաֆիկայի, ձուլածո եւ կոփածո աշխատանքների, խեցեգործության մի ստվար ժառանգություն:

Նրա աշխատանքները ցուցադրվել են ոչ միայն հայրենիքում, այլ նաեւ նախկին խորհրդային տարածքում, Ռումինիայում, Հրավսլավիայում, Կանադայում, Ճապոնիայում, Սիրիայում, Լեհաստանում, Գերմանիայում, Հոլանդիայում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում: Նա թողել է 1000-ից ավելի աշխատանքներ` քարից, մետաղից, կավից:

Հայերեն

«Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթի հաղթող Միհալ Ստոչելը հորդորեց երբեք չհանձնվել

«Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթում հաղթեց Լեհաստանը. Հայաստանը զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը

Քննչական կոմիտեն քննության առարկա կդարձնի ենթադրաբար ՌԴ-ից հարկադրանքով Հայաստան տեղափոխվող մարդկանց անուններով  ցուցակը

Դատախազությունը Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից և ազատությունից զրկելու միջնորդություններ է ներկայացրել ԿԸՀ

Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամների կողմից ընտրակաշառք տալու նոր դեպք բացահայտելու մասին

Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 11 կմ հարավ-արևելք․ էպիկենտրոնում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ

ԿԸՀ-ն ընտրողներին հորդորել է քվեարկության օրը կրել այնպիսի հագուստ, որի վրա չլինի ընտրություններում գրանցված քաղաքական ուժերին համադրելի թիվ

Ստեփանավանի տարածաշրջանում կարկուտ է տեղացել․ վնասվել են ավտոմեքենաներ, տների տանիքներ, ծառեր

ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը

Լավ հանդիպում ստացվեց, սակայն մեր լավագույն խաղը չէր. Եղիշե Մելիքյան