Մշակույթ

Ազգային արխիվում բացվեց Հայոց ցեղասպանության վերաբերյալ փաստաթղթերի ու նկարների ցուցահանդես

2 րոպեի ընթերցում

Ազգային արխիվում բացվեց Հայոց ցեղասպանության վերաբերյալ փաստաթղթերի ու նկարների ցուցահանդես

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային արխիվում այսօր բացվեց Հայոց ցեղասպանության վերաբերյալ փաստաթղթերի ու նկարների ցուցահանդես: Հայաստանի Հանրապետության փոխարտգործնախարար Արման Կիրակոսյանի խոսքով՝ փաստաթղթերի այս ցուցահանդեսը եկավ եւս մեկ անգամ ապացուցելու, որ թուրքական այն մեղադրանքը, թե մեր արխիվները փակ են, ճիշտ չէ, եւ կարող են գալ, տեսնել ու համոզվել:

Հայաստանի տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն «Արմենպրեսի» հետ զրույցում նշեց, որ այս ցուցահանդեսով մենք երկու խորհուրդ ենք արձանագրում. «Տարեցտարի նոր փաստաթղթեր ենք հանրությանը ներկայացնում եւ ցանկանում ենք արտասահմանյան գործընկերներին հրավիրել ուսումնասիրելու դրանք»: Ըստ Ա. Գեւորգյանի՝ մենք որեւէ բան ապացուցելու կարիք չունենք, բայց բաց ենք բոլորի համար:

Անդրադառնալով թուրքական կողմի այն պնդումներին, որ հայկական արխիվները փակ են վերջիններիս համար, Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը «Արմենպրեսի» հետ զրույցում փաստեց, որ Հայաստանի ազգային արխիվը միշտ բաց է, եւ թուրք ցանկացած պատմաբան կարող է գալ եւ ուսումնասիրել: «Մենք ունենք այնքան փաստաթուղթ, որ կարող ենք ցանկացած մեկին ապացուցել ցեղասպանության եղելությունը»,-նշեց Ա. Վիրաբյանը:

Եղեռնի մասին փաստաթղթերի եւ նկարների ցուցահանդեսը բաց կլինի մինչեւ մայիսի 1-ը: Նախատեսվում է Հայաստանի ազգային արխիվի կայքէջում առաջիկայում տեղադրել ցեղասպանությանը առնչվող բոլոր փաստաթղթերը եւ նկարները: Բոլոր ցանկացողները Եղեռնի մասին փաստական տվյալներ կգտնեն ազգային արխիվի` www.armarchives.am ինտերնետային հասցեում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում