Ըստ ՀՀ գյուղատնտեսության նախարարի` տեսչական ստուգումների շրջանակներից դուրս գտնվող տնտեսվարողների մոտ իրականացվում է շուրջօրյա վերահսկողություն` թույլ չտալու որեւէ խն
2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Լիանա Եղիազարյան): Հանրապետությունում այսօրվա դրությամբ սննդի շուկան ողողված է ժամկետանց, առանց մակնշման, անհայտ ծագման ապրանքներով: Սակայն ՀՀ գյուղատնտեսության, առողջապահության, կրթության եւ գիտության նախարարությունների ներկայացուցիչները, ՀՀ վարչապետի հանձնարարականով, շուրջօրյա այցեր են կազմակերպում տնտեսվարող սուբյեկտների մոտ` շտկելու իրավիճակը եւ կանխելու նման երեւույթների բացասական հետեւանքները: Այս մասին «Արմենպրեսե-ի հետ զրույցում նշեց ՀՀ գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը: Կառավարության համապատասխան որոշմամբ` 70 մլն դրամի շրջանառությունը չգերազանցող տնտեսվարող սուբյեկտների մոտ տեսչական ստուգումները դադարեցված են մինչեւ 2011 թվականը, սակայն, նախարարի խոսքով, դրանց մոտ իրականացվում է շուրջօրյա վերահսկողություն` թույլ չտալու վարակների բռնկում, որեւէ խնդիր: Վանաձորում եւ Սիսիանում վերջին շրջանում արձանագրված թունավորումների դեպքերը նախարարը գնահատում է որպես տվյալ սուբյեկտների անփութության արդյունք, եւ ոչ թե նախարարությունների աշխատակիցների ոչ լավ աշխատանքի հետեւանք: Գ. Ալավերդյանի խոսքով` ՀՀ գյուղատնտեսության նախարարության ներկայացուցիչներն արդեն եղել են Գյումրիում, Վանաձորում, ուսումնասիրություններով հստակեցրել առկա խնդիրները: Օրերս նախարարն արդեն համապատասխան զեկուցագիր կներկայացնի ՀՀ վարչապետին, եւ մի շարք կազմակերպություններում կանցկացվեն ստուգումներ: Հիշեցնենք, որ տեսչական ստուգումների ժամանակավոր կասեցման պայմաններում ստուգում իրականացնելու թույլտվություն կարող է տալ միայն ՀՀ վարչապետը` համապատասխան պետական մարմինների կողմից գրավոր դիմումի առկայության դեպքում: