Մեկնարկել է Թեղուտի հանքավայրի շագահագործման ծրագիրը
4 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեկնարկել է Հայաստանի ամենախոշոր արդյունաբերական ծրագրերից մեկը` Թեղուտի հանքավայրի շագահագործումը: ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 3-ին մասնակցեց ծրագրի մեկնարկին եւ պղնձամոլիբդենային կոմբինատի հիմնակերքի արարողությանը: Արցախյան պատերազմից մնացած վերաձուլված արկի մեջ դրված վարչապետի ուղերձը տեղադրվեց կոմբինատի հիմքում: Վարչապետի ուղերձում մասնավորապես նշված էր, որ այս ծրագիրը նախաձեռնվել է մեր երկրի հետագա հզորացման ու շրջակա բնակավայրերի տնտեսական վերելքին մեծ նպաստ բերելու ակնկալիքով: Լրագրողների հետ հանդիպմանը Ս. Սարգսյանը նշեց, որ ծրագրի ազդեցությունը մեծ է լինելու երկրի տնտեսության համար, մասնավորապես, նախատեսվում է կատարել շուրջ 300 մլն դոլարի ներդրում, հանքավայրի շահագործման արդյունքում երկրի համախառն ներքին արդյունքը կավելանա 1-1,5 տոկոսով, իսկ արտահանումը` մինչեւ 15 տոկոս: Նախատեսվում է, որ ծրագրի իրականացման առաջին փուլում կստեղծվի շուրջ 2000 աշխատատեղ: Իսկ սա նշանակում է, որ Հայաստանի հյուսիսային մասում աշխատատեղերի խնդիր այլեւս չի լինի: Անդրադառնալով հանքավայրի շահագործման արդյուքնում բնությանը հասցվելիք վնասների վերաբերյալ առկա մտահոգություններին` վարչապետը նշեց, որ այդ մտահոգությունները տեղին են: «Ցանկացած հանքարդյունաբերություն ի վերջո բնությանը օգուտ չի տալիս, սակայն այստեղ կարեւոր է` թե աշխատանքն ինչպես է կազմակերպվում: Այս առումով անհանգստանալու կարիք չկա, քանի որ կառավարության որոշման մեջ ամրագրված են խաղի կանոնները եւ կառավարությունը մշտապես վերահսկելու է գործընթացի այս կողմըե,-ընդգծեց Ս. Սարգսյանը: Ըստ նրա` շահագործողի շահերից է բխում բարեխիղճ կատարել պայմանավորվածությունները, որոնց ընթացքին պետք է հետեւեն նաեւ հասարակական կազմակերպությունները: Նրա դիտարկմամբ` միաժամանակ տարածքում կան նաեւ պատմական հուշարձաններ, դամբարանաշերտեր, եւ համապատասխան կազմակերպությունների հետ շահագործողն արդեն որոշակի պայմանավորվածություններ ունի, ըստ որոնց, հնարավոր է, որ այդ հուշարձանների մի մասը, որոնք պատմական արժեք են ներկայացնում, տեղափոխվեն: Վարչապետը տեղեկացրեց նաեւ, որ տարածքում ուրանի հաստատված պաշարներ չկան: Նշենք, որ հանքի շահագործման արդյունքում պետք է 40 տարվա ընթացքում հատվի 357 հա անտառ: Ուսումնասիրությունների համաձայն` Թեղուտում կա 400 մլն տոննա հանքաքար, որից 1,6 մլն տոննան` պղնձի, 99 հազար տոննան` մոլիբդենի պարունակությամբ: Հանքավայրի շահագործման ժամկետը 30-40 տարի է` տարեկան 25-30 հազար տոննա պղնձի եւ 800 տոննա մոլիբդենի արտադրության պարագայում: Համեմատության համար նշենք, որ ՀՀ-ում եւ ԼՂՀ-ում ներկայումս տարեկան արդյունահանվում է 24-25 հազար տոննա: Հետեւաբար, թեեւ այլ արդյունահանողներ եւ պղնձամոլիբդենային ընկերություններ եւս ավելացնելու են իրենց արտադրության ծավալները, սակայն Թեղուտը կապահովի պղնձի արդյունահանման 45-50 տոկոսը, մոլիբդենի մինչեւ 20 տոկոսը: Նախատեսվում է, որ տարեկան կարդյունահանվի 7 մլն տոննա հանքաքար: Արտադրության տարեկան ծավալները գնային առումով կարող են հասնել մինչեւ 270 մլն դոլարի, եթե այսօրվա գները` պղնձի 1 տոննան 7000-8000 դոլար, պահպանվեն: Եթե գները նվազեն կիսով չափ, ապա արտադրանքի ծավալները կարող են գերազանցել 100 մլն դոլարը: Ճիշտ այդքան կավենանա երկրի ՀՆԱ-ն: