Եվրահանձնաժողովն ստեղծելու է ավիաուղեւորների մասին տեղեկատվության հավաքման նոր համակարգ
2 րոպեի ընթերցում
ԲՐՅՈՒՍԵԼ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրահանձնաժողովը մշակել Է Եվրամիության դիրեկտիվի նախագիծ, որի համաձայն այս տարածաշրջանային կազմակերպության անդամ երկրների ավիաընկերությունները պարտավոր կլինեն ստեղծել ավիաուղեւորների մասին անձնական տվյալների հատուկ պահոց՝ դրանից օգտվելու հնարավորություն ստեղծելով ազգային իրավասու մարմինների համար, որոնք զբաղվում են ահաբեկչության եւ կազմակերպված հանցավորության դեմ պայքարով, հաղորդել են Եվրոպայի զանգվածային լրատվամիջոցները: Եվրամիության գործադիր իշխանությունը հուսով Է, որ ավիաընկերությունների սպասարկյալների մասին տեղեկատվության հավաքման եւ պահման նոր համակարգը համանման կլինի այն համակարգին, որն ստեղծված Է ԱՄՆ-ում եւ Կանադայում, ահաբեկչության դեմ պայքարի մասնագետներին թույլ կտա գնահատել այն ռիսկերը, որոնք կապված են ավիատրանսպորտում ահաբեկչական գործողությունների կատարման հնարավորության հետ: Ըստ զանգվածային լրատվամիջոցների տեղեկատվության՝ Եվրահանձնաժողովն առաջարկում Է, որ Եվրամիության երկրների իրավասու մարմինները հնարավորություն ունենան օգտվելու ավիաուղեւորների վարկային քարտերի, նրանց հեռախոսների համարների, փոստային եւ ինտերնետ-հասցեների մասին տեղեկատվությունից, ինչպես նաեւ հյուրանոցների ամրագրման եւ ավտոտրանսպորտի վարձակալման մասին տվյալներից՝ ընդամենը 19 տարբեր կատեգորիաների տեղեկատվությունից: