Տնտեսություն

Էրեբունի համանքի թունաքիմիկատների գերեզմանոցի վնասազերծման նպատակով ստեղծվել է աշխատանքային խումբ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Լիանա Եղիազարյան): Էրեբունի համանքում գտնվող թունաքիմիկատների գերեզմանոցի ավելի քան 500 տոննա աղբի վերացման նպատակով ստեղծվելիք աշխատանքային խմբում կընդգրկվի 7 մասնագետ: Մասնագետների անունները, ՀՀ կառավարության կողմից տրված հանձնարարականի համաձայն, պետք է ներկայացվեն տարածքային կառավարման նախարարությանը: Աշխատանքային խմբում ներգրավված են մասնագետներ ՀՀ բնապահպանության, քաղաքաշինության եւ տարածքային կառավարման նախարարություններից, գիտությունների ազգային ակադեմիայից, Երեւանի քաղաքապետարանից եւ բնապահպանական մի շարք հասարակական կազմակերպություններից: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրեց ՀՀ տարածքային կառավարման նախարարության փրկարար ծառայության բնակչության եւ տարածքների պաշտպանության վարչության պետի տեղակալ, մոնիտորինգի պետ Միքայել Ղազարյանը, աշխատանքային խումբը պետք է հնարավորինս մանրամասն ծանոթանա գերեզմանոցի հիմնախնդրին եւ մշակի թունաքիմիկատների վնասազերծման առավել արդյունավետ եղանակներ: Նշենք, որ գերեզմանոցը գտնվում է խիստ սողանքային վայրում եւ ստեղծումից մինչ օրս տեղաշարժվել է մոտ 10 մետրով, ուստի մեծացել է նաեւ աղբի տարածվածությունը: Թունաքիմիկատների գերեզմանոցի վերացումը Ստոկհոլմի կոնվենցիայով Հայաստանի ստանձնած պարտավորություններից է: Ուստի առաջարկվում է թունաքիմիկատները տեղափոխել Հայաստանից, մասնավորապես` üրանսիա` վերամշակելու, ինչի համար, միջազգային մասնագետների հաշվարկներով, կպահանջվի 2-2.5 մլն եվրո: Մոտավորապես նույնքան գումար կպահանջվի սողանքների կանխարգելման միջոցառումների իրականացման համար: Սակայն տեղափոխման տարբերակը մասնագետները շատ ավելի նպատակահարմար են համարում, քանի որ սողանքները հավերժ կանխարգելել հնարավոր չէ, իսկ Հայաստանում վերամշակելը շատ ավելի թանկ կարժենա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում