Տնտեսություն

Երեւանում այս տարվա հունիս-հոկտեմբերին ինքնակամ շինությունների վերաբերյալ կազմվել է 208 արձանագրություն

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Ռոզա Հովհաննիսյան): Երեւանում այս տարվա հունիս-հոկտեմբեր ամիսներին ինքնակամ շինությունների վերաբերյալ կազմվել է 208 արձանագրություն, ինչը 2,1 անգամ ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից: Քանդվել է 108 շինություն, կազմվել վարչական վարույթի 198 գործ, սահմանված տուգանքներից ՀՀ պետբյուջե է մուտքագրվել 12 մլն դրամ: Այսօր հրավիրած ասուլիսում Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը նշեց, որ մայրաքաղաքում նվազել են ապօրինի հողազավթումների դեպքերը, փոխարենն աճել են արդեն գոյություն ունեցող ինքնակամ շինությունների վրա շինաշխատանքների իրականցման դեպքերը: Դրանց դեմ ակտիվ պայքար մղելու նպատակով քաղաքապետարանը համապատասխան մարմինների հետ համատեղ ամենօրյա շրջայց է կատարում տարբեր համայնքներում: Նախորդ շաբաթ կազմվել է յոթ արձանագրություն, որոնիցից մեկը` հողազավթման փորձի վերաբերյալ: Կ. Արեյանը եւս մեկ անգամ տեղեկացրեց, որ ՀՀ կառավարության որոշմամբ օրինականացման են ենթակա մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերում տարիների ընթացքում իրականացված կցակառույցները: Բնակիչները կարող են դիմել կադաստրի պետական կոմիտեի տարածքային մարմիններ, այնուհետ չափագրման աշխատանքներից հետո կատարելով համապատասխան վճարումներ` օրինականացնել իրենց կցակառույցները: Անդրադառնալով Երեւանի շինհրապարակների նախապատրաստման աշխատանքներին` փոխքաղաքապետն ընդգծեց, որ շուրջ 2 ամիս առաջ համապատասխան որոշման հաստատումից հետո ներկայումս գրեթե բոլոր խոշոր շինհրապարակները համապատասխանում են անհրաժեշտ չափանիշներին: Ըստ նրա` որոշման համաձայն են գործում հատկապես խոշոր կապալառուները: Նշենք, որ Երեւանում շինարարություն իրականացնող կազմակերպությունները պարտավոր են ցանկապատել շինհրապարակները, լուսավորել մայթերը, ծածկել շինարարությունը, լվանալ ավտոմեքենաների անվադողերը եւ այլն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում