5 րոպեի ընթերցում
ԱՆՈՆՍ
12 նոյեմբեր, 2026
ՀՀ ԱԺ
Ժամը 11։00-ին Ազգային ժողովում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն՝ կառավարության նախաձեռնությամբ կկայանա Ազգային ժողովի արտահերթ նիստ:
Ժամը 12։30-ին Ազգային ժողովի 314 դահլիճում տեղի կունենա Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը։
ՀՀ կառավարություն
Ժամը 11:00-ին Կառավարությունում տեղի կունենա ՀՀ կառավարության հերթական նիստը:
Պետական կառույցներ
Ժամը 14։00-ից «DoubleTree by Hilton» հյուրանոցի «Parigi Hall» սրահում կկայանա «Հայաստանում կոգնիտիվ անվտանգության և կոգնիտիվ դիմակայունության ամրապնդում» ծրագրի միջոցառումը: Ծրագիրն ուղղված է Հայաստանի կոգնիտիվ անվտանգության մարտահրավերների շուրջ իրազեկվածության բարձրացմանը, առկա սպառնալիքների ընկալմանն ու դրանց արձագանքման կարողությունների զարգացմանը։ Միջոցառման ընթացքում կամփոփվեն ծրագրի արդյունքներն ու հիմնական ձեռքբերումները, ինչպես նաև տեղի կունենան երկու պանելային քննարկումներ։ Մասնակիցներ՝ ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալ Վահան Կոստանյան, ՀՀ վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի տնօրեն Գոռ Ծառուկյան, մարդու իրավունքների հարցերով փաստաբան, միջազգային իրավունքի խորհրդատու Շեյլա Փայլան, անկախ գիտնական և հետազոտող, պատմաբան, քարտեզագետ Ռուբեն Գալիչյան, ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վիլեն Գաբրիելյան, ՀՀ ԱԺ պատգամավոր Մարիա Կարապետյան, «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ նախագահ Գայանե Աբրահամյան, Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր և ղեկավար Ստյոպա Սաֆարյան։
Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ
Ժամը 10։00-ին «Դաբլթրի բայ Հիլթոն» հյուրանոցի, «Միլանո» սրահում (Սուրբ Գրիգոր Լուսավորչի փող., 4/2 շենք) Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը հրավիրում է լուսաբանելու «Հոգեկան առողջությունը Հայաստանում. դեպի իրավունքների վրա հիմնված համայնքահենք աջակցություն» համաեվրոպական կոնֆերանսը։ Բացման խոսքով հանդես կգան՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սամվել Խարազյանը, ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Զարուհի Բաթոյանը, «Հելսինկան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ նախագահ Արթուր Սաքունցը: Այս հրավերը պատրաստվել է ԵՄ կողմից ֆինանսավորվող «Իրավունքներ, ծառայություններ, մասնակցությունը Հայաստանում հոգեկան առողջության համապարփակ շրջանակի խթանում» ծրագրի շրջանակում: +374 77 26 07 95։
Ժամը 11։00-ին «Անի պլազա» հյուրանոցի «Գառնի» սրահում (Սայաթ-Նովա 19) տեղի կունենա Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողովի հրատապ մամուլի ասուլիսը՝ Արսեն Գևորգյանի մահվան և գործող իշխանության քաղաքական ընդդիմախոսների հանդեպ զանգվածային հետապնդումների թեմայով։
Մշակույթ
Ժամը 14։00-ին Մատենադարանի թանգարանում տեղի կունենա «Գրքեր մեղրի մեջ» բացառիկ նախագծի շնորհանդեսը: Միջոցառման շրջանակում «ՍԼՈՎՈ/SLOVO» հրատարակչությունը Մատենադարանին կնվիրաբերի «Աշխարհի մեծագույն թանգարաններ» մատենաշարի «Մատենադարան» գրքի մեկ օրինակ, որը նախագծի մտահղացման համաձայն կպահպանվի մեղրի մեջ։ Իր ծավալով և ընդգրկմամբ բացառիկ այս հրատարակությունը ներկայացնում է Մատենադարանի հարուստ ձեռագրական ժառանգությունը՝ հանրահռչակելով հայկական գրավոր մշակույթի բացառիկ արժեքները։ Մեղրի մեջ տեղադրված գիրքը նախատեսվում է պահպանել մինչև 4052 թվականը՝ որպես մեր դարաշրջանի վկայություն և մշակութային ժառանգությունը գալիք սերունդներին փոխանցելու յուրօրինակ ուղերձ։