2 րոպեի ընթերցում
«Մանկական Եվրատեսիլ 2026» երգի միջազգային մրցույթում, որը տեղի ունեցավ հոկտեմբերի 24-ին Մալթայում, հաղթեց Հայաստանի ներկայացուցիչ Նարեն՝ BOO! երգով:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երկրորդ հորիզոնականը զբաղեցրեց Իսպանիան, երրորդ հորիզոնականը՝ Ֆրանսիան:
Ըստ մրցույթի քվեարկության կարգի՝ մասնակից երկիրն առցանց քվեարկությամբ կարող էր www.jesc.tv կայքի միջոցով ձայն տալ նաև իր պատվիրակին: Քվեարկությունը մեկնարկել էր հոկտեմբերի 24-ին՝ ժամը 01:59-ին և ավարտվեց հոկտեմբերի 24-ին մրցույթից անմիջապես առաջ:
Այն վերաբացվեց ուղիղ եթերի ընթացքում, երբ բոլոր կատարումներն ավարտված էին: Քվեարկությունը տևեց 15 րոպե: Հեռուստադիտողի քվեն վերածվեց միավորների՝ դառնալով մրցույթի արդյունքի մի մասը, մյուս մասը ձևավորվեց ժյուրիի գնահատականի հիման վրա:
Ժյուրիի քվեարկությամբ Հայաստանը 12-ական միավոր ստացավ Կիպրոսից, Ալբանիայից, 10-ական միավոր՝ Նիդեռլանդներից, Սան Մարինոյից, 3 միավոր՝ Պորտուգալիայից, 8-ական միավոր՝ Ֆրանսիայից, Մալթայից, Ուկրաինայից, 6-ական միավոր՝ Լեհաստանից, Իտալիայից, Իսպանիայից, 7 միավոր՝ Հյուսիսային Մակեդոնիայից, 2 միավոր՝ Իռլանդիայից, 5 միավոր՝ Վրաստանից:
Նարեն ժյուրիի քվեարկության արդյունքում վաստակեց 103 միավոր:
Հեռուստադիտողների քվեարկության արդյունքում Հայաստանը վաստակեց 99 միավոր:
Հեռուստադիտողի և ժյուրիի քվեարկության արդյունքում Հայաստանի մասնակիցը վաստակեց 202 միավոր:
Մեր երկիրն իր 12 միավորը տվեց Կիպրոսի մասնակցին։
Մրցույթը հեռարձակվեց Հանրային հեռուստատեսության ուղիղ եթերում: Այն մեկնաբանեցին Հրաչուհի Ութմազյանն ու Համլետ Առաքելյանը:
Նարեի BOO! երգի հեղինակներն են Լիլիթ Նավասարդյանն ու Գրիգոր Կյոկչյանը, տեսահոլովակի ռեժիսորն Արթուն Մանուկյանն է։ Հայաստանի պատվիրակի մրցութային ելույթն աչքի ընկավ գունային վառ լուծումներով և աննախադեպ դեկորացիաներով։