Վարչապետն առաջարկել է արհեստական բանականությամբ գնահատել խաղահրապարակների նորոգման ժամկետները
1 րոպեի ընթերցում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկել է դիտարկել արհեստական բանականության գործիքների կիրառումը՝ բակային խաղահրապարակների նորոգման անհրաժեշտությունն ու ժամկետները գնահատելու համար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վարչապետը թեմային անդրադարձել է հոկտեմբերի 24-ին Երևանի Աջափնյակ վարչական շրջանում շրջայցի ընթացքում՝ ծանոթանալով խաղահրապարակի վիճակին։
«Ինձ համար ֆունդամենտալ խնդիրը սարքելու հարցը չի։ Ինձ համար ֆունդամենտալ խնդիրն այն է, թե սարքելուց հետո առաջին նորոգումը երբ պետք է տեղի ունենա»,– ասել է Փաշինյանը։
Նա կարևորել է այնպիսի մեխանիզմ ունենալը, որը ժամանակին կազդարարի նորոգման անհրաժեշտության մասին։
Որպես հնարավոր մոտեցում՝ վարչապետը ներկայացրել է արհեստական բանականության միջոցով խաղահրապարակի կառուցման տարվա, մոտակայքում բնակվող մարդկանց ու երեխաների թվի վերաբերյալ տվյալները համադրելու և նորոգման ժամանակը գնահատելու տարբերակը։
Փաշինյանի խոսքով՝ ժամանակին կատարված նորոգումը կարող է երկարացնել խաղահրապարակի ծառայության ժամկետը և խնայել միջոցները։