2 րոպեի ընթերցում
ԱՆՈՆՍ
24 հոկտեմբեր, 2026
Պետական կառույցներ
Ժամը 08։45-ին Մերիդիան էքսպո կենտրոնում (COP17-ի Կապույտ գոտի) կանցկացվի «Գիտական ֆորում»՝ նվիրված կենսաբազմազանության պահպանության ոլորտում գիտական ձեռքբերումներին, հետազոտություններին և նորարարական լուծումներին։ Նախարար Ժաննա Անդրեասյանի բացման խոսքը ժամը 08։45-ին է նախատեսվում։ Ֆորումի թեմատիկ քննարկումներն առնչվում են կենսաբազմազանության գնահատման գործում հեռազննման տեխնոլոգիաների կիրառմանը, Հայաստանի վտանգված բուսատեսակների պահպանությանը և հայկական գիտական հաստատությունների հետազոտական աշխատանքներին։ ԿԳՄՍՆ:
Մշակույթ
Ժամը 18։00-ին Հայաստանի ազգային պատկերասրահի մասնաճյուղ Գևորգ Գրիգորյանի (Ջոտտո) արվեստանոց-թանգարանում (Մաշտոցի 45Ա) կբացվի «Հիշողության ոսպնյակում» ցուցահանդեսը՝ վրացական լուսանկարչության ամենանշանավոր դեմքերից մեկի՝ Ալեքսանդր Սահակովի (1937–2007) առաջին հետահայաց ցուցադրությունը Հայաստանում։ Լուսանկարչի արխիվի պահառու Արամ Բաբլոյանի տրամադրած շուրջ իննսուն հեղինակային լուսանկարչական տպածոների շնորհիվ ցուցահանդեսն անդրադառնում է Սահակովի ստեղծագործական հարուստ ուղուն։ 1965-ից Սահակովը սկսել է աշխատել որպես ֆոտոթղթակից՝ լայն ճանաչում ձեռք բերելով 1967-ին Մոսկվայում կայացած հեղինակավոր Համամիութենական լուսանկարչական ցուցահանդեսում ոսկե մեդալ ստանալուց հետո։
Ժամը 19։30-ին Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը կներկայացնեն «Սիմֆոնիկ Եվրոպա» խորագրով համերգային երեկոն։ Որպես մենակատար հանդես կգա աշխարհահռչակ դաշնակահար Ալիս Սառա Օտտը։ Համերգը կղեկավարի դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։