Թրամփի հետ հարաբերությունները, ՌԴ-ի դեմ պատժամիջոցները և ռազմաճակատի գծի սառեցումը. Զելենսկու հարցազրույցը CNN-ին
3 րոպեի ընթերցում
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ տարաձայնություններն անձնական բնույթ չեն կրում։ Միաժամանակ նա զգուշացրել է, որ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների վերացումը կուժեղացնի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և կվտանգի Ուկրաինայի անվտանգությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է CNN-ի լրագրող Քրիստիան Ամանպուրի հետ հարցազրույցում։
«Պուտինի հանդեպ իմ վերաբերմունքը շատ հստակ է։ Կարծում եմ՝ եթե մենք վերացնենք պատժամիջոցները, մենք նրան ավելի ուժեղ կդարձնենք։ Իմ և նախագահ Թրամփի միջև սա անձնական հարց չէ։ Եվ, իհարկե, ես դեմ եմ ցանկացած պատժամիջոցի վերացման», - ասել է Զելենսկին։
Թրամփն ավելի վաղ Պուտինի հետ ռուսական դիզելի մատակարարման պայմանավորվածություն է ձեռք բերել, այնուհետև կասեցրել է Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցների սահմանումը՝ նշելով, որ բանակցությունների ընթացքում սահմանափակումներ կիրառելը նպատակահարմար չէ։ Հոկտեմբերի 20-ին ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆն Օսլոյում բանակցություններ է վարել Զելենսկու և եվրոպացի ղեկավարների հետ, իսկ հոկտեմբերի 21-ին՝ Սանկտ Պետերբուրգում հանդիպել է Պուտինի հետ։
Զելենսկին նշել է, որ Նորվեգիայում բանակցություններն արդյունավետ էին, սակայն կասկածի տակ է դրել Պուտինի՝ խաղաղության հասնելու մտադրությունները։
«Պուտինը խաղում է, գիտեք, նա խաղացող է։ Ցավոք, նա խաղում է այլ մարդկանց կյանքերի հետ, և, անշուշտ, չի ցանկանում դադարեցնել պատերազմը։ Այնպես որ, մենք մեր գործընկերներից ուզում ենք, որ նրան հնարավորություն չտան ավելի ուժեղանալ և կոտրել մեզ», - ասել է Ուկրաինայի նախագահը։
Զելենսկին նշել է, որ Ուկրաինան պատրաստ է քննարկել ներկայիս ռազմաճակատի գծի երկայնքով կրակի դադարեցումը՝ հետագա բանակցությունների համար պայմաններ ստեղծելու նպատակով։ Սակայն նա ընդգծել է, որ Կիևը չի համաձայնի իր վերահսկողության տակ գտնվող տարածքները հանձնել Ռուսաստանին։
«Մեր հողը շատ կարևոր է, որովհետև խոսքը մարդկանց մասին է։ Խոսքը կիլոմետրերի մասին չէ։ Բազմաթիվ մարդիկ են զոհվել այս հողը, մեր անկախությունն ու երկիրը պաշտպանելիս», - ասել է նա։
Զելենսկին նաև հայտարարել է, որ Ուկրաինան Ռուսաստանի վերահսկողության տակ անցած տարածքները երբեք չի ճանաչի որպես ՌԴ-ի մաս։
«Ոչ ոք չի ճանաչի այդ տարածքները, որոնք ժամանակավորապես օկուպացված են, որպես ռուսական տարածքներ։ Կարծում եմ՝ Ռուսաստանը դա հասկանում է», - նշել է նա։
Զելենսկին CNN-ի հետ զրույցում նաև ասել է, որ եվրոպական դաշնակիցները Կիևին տրամադրում են հակաօդային պաշտպանության հրթիռներ, սակայն դա բավարար չէ պաշտպանվելու համար։
Նրա խոսքով՝ այս փուլում Ուկրաինայի դաշնակիցներից հիմնականում երկու բան է անհրաժեշտ՝ պահպանել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները և տրամադրել ավելի լավ հրթիռներ։