ԵՏՀ կոլեգիայի անդամը հույս ունի, որ հայկական արտադրանքի նկատմամբ ռուսական սահմանափակումների հարցը մոտ ժամանակներս կլուծվի
3 րոպեի ընթերցում
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) տեխնիկական կարգավորման հարցերով կոլեգիայի անդամ Ալեքսանդր Սուբբոտինը հոկտեմբերի 22-ին հրավիրած «ԵԱՏՄ շուկայում արտադրանքի անվտանգության ապահովում» թեմայով մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ ԵԱՏՄ ընդհանուր շուկայում հայ արտադրողների համար խոչընդոտների վերացման ուղղությամբ աշխատանքն ընթանում է բավականին ինտենսիվ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ անդրադառնալով Ռուսաստանի կողմից հայկական արտադրանքի նկատմամբ կիրառված սահմանափակող միջոցառումներին՝ Սուբբոտինն ասել է, որ հարցը քննարկվում է ԵՏՀ համապատասխան դեպարտամենտներում, ինչպես նաև առևտրի ոլորտում խոչընդոտների հարցերով պատասխանատու նախարարի հարթակում։
Սուբբոտինի հավաստմամբ՝ հայկական կողմի խնդրանքով հանձնաժողով է ներկայացվել դիմում, որպեսզի առավել մանրամասն և հիմնավորված քննարկվի՝ արդյոք այդ միջոցառումները ճի՞շտ են կիրառվել։
«Մենք ակտիվորեն մասնակցում ենք աշխատանքներին առևտրի ոլորտում խոչընդոտների հարցերով պատասխանատու նախարարի հարթակում։ Այժմ նաև ակտիվ բանակցային գործընթաց է ընթանում երկկողմ մակարդակով», - ասել է նա։
Նախարարը նշել է, որ կողմերի դիրքորոշումները տարբերվում են. մի կողմը փաստում է, որ միջոցառումները կիրառվել են ճիշտ, մյուսը՝ որ ստուգումներն իրականացվել են սխալ։ Այդուհանդերձ, Սուբբոտինը հույս է հայտնել, որ մոտակա ժամանակներում հարցը կլուծվի։
«Երբեք այդպիսի բան չի եղել, որ մենք ընդհանուր լեզու չգտնենք և չպայմանավորվենք», - ընդգծել է նա։
Ըստ նրա՝ ԵԱՏՄ մասին պայմանագիրը նախատեսում է բնակչության անվտանգության պաշտպանության նպատակով ժամանակավոր սահմանափակող միջոցառումներ կիրառելու հնարավորություն։ Պայմանագրում առկա է համապատասխան հոդված, որը թույլ է տալիս նման միջոցառումներ կիրառել մինչև երկրները պարզաբանեն իրավիճակը։
Սուբբոտինը հավելել է, որ անբարեխիղճ կերպով անորակ արտադրանք թողարկողը կհեռացվի շուկայից, քանի որ ընդհանուր շահերից է բխում որակյալ և անվտանգ արտադրանքի օգտագործումը։
«Սակայն բարեխիղճ, պարկեշտ արտադրողները կմնան և կշարունակեն առևտուր անել», - եզրափակել է նախարարը։
Հիշեցնենք, որ 2026 թվականի հունիսից Ռուսաստանը սահմանափակումներ է դրել Հայաստանից բազմաթիվ ապրանքների ներմուծման վրա, որոնք շարունակվում են մինչ օրս։