Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրումը մեր կառավարության քաղաքական հանձնառությունն է. Միրզոյան
2 րոպեի ընթերցում
Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրումը Հայաստանի կառավարության քաղաքական հանձնառությունն է։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին կառավարության նիստում հայտարարեց Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով նաև տարածաշրջանային հաղորդակցությունների բացման և ԹՐԻՓՓ նախագծի իրականացման աշխատանքներին։
Միրզոյանը նշեց, որ խաղաղության համաձայնագրի շուրջ մեծ հետաքրքրություն է նկատել նաև նախորդ օրվա խորհրդարանական քննարկման ընթացքում։
«Խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրումը մեր կառավարության քաղաքական հանձնառությունն է, և մենք ուզում ենք օր առաջ տեսնել այդ փաստաթուղթը ստորագրված։ Որովհետև, հասկանալիորեն նաև ենթակառուցվածքներն ունեն ոչ միայն տնտեսական, այլև խաղաղությունն ամրապնդող գործառույթ և առաքելություն»,- ընդգծեց նա։
Անդրադառնալով ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ հայ-ամերիկյան համաձայնագրին՝ Միրզոյանը հայտնեց, որ Ազգային ժողովում արդեն պաշտոնապես մեկնարկել է դրա վավերացման գործընթացը։ Նրա խոսքով՝ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում տեղի է ունեցել բովանդակային քննարկում, իսկ մոտ մեկ շաբաթից համաձայնագիրը նախատեսվում է քննարկել խորհրդարանի լիագումար նիստում։
Միրզոյանը տեղեկացրեց նաև, որ ԹՐԻՓՓ-ի շրջանակում հայ-ամերիկյան ընկերության (ԹՐԻՓՓ զարգացման ընկերություն) հիմնադրմանն առնչվող փաստաթղթերի մշակման աշխատանքները մտել են եզրափակիչ փուլ։ Նրա փոխանցմամբ՝ առաջիկայում սպասվում է փաստաթղթերի վերջնականացում, որից հետո հնարավոր կլինի անցնել գործնական աշխատանքների հաջորդ փուլին։
Խոսելով խորհրդարանական քննարկումներից ստացած տպավորությունների մասին՝ նա նշեց, որ ապաշրջափակման ենթակառուցվածքների վերաբերյալ բավականին դրական ընկալում է նկատել նաև ոչ կառավարող խորհրդարանական ուժերի կողմից։