Երևանն ու Պեկինը կընդլայնեն գործակցությունը՝ քաղաքային զարգացման արդյունավետ լուծումների ու հաջողված փորձի փոխանակման ուղղությամբ
1 րոպեի ընթերցում
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Պեկինի քաղաքապետի տեղակալ Սիոն Վընին: Չինաստանի մայրաքաղաքի պատվիրակությունը Երևանում է COP17-ի շրջանակում:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ կարևորելով Երևանի և Պեկինի միջև հաստատված համագործակցությունը՝ Տիգրան Ավինյանը նշել է, որ կան ուղղություններ, որոնք հետաքրքիր են Երևանին փորձի փոխանակման առումով:
Մասնավորապես, որպես ռազմավարական առաջնահերթություններ՝ քաղաքապետն առանձնացրել է երթևեկության բեռնաթափման և կառավարման, ինչպես նաև օդի աղտոտվածության նվազեցման խնդիրները։
Տիգրան Ավինյանը ներկայացրել է նաև քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում իրականացվող և նախաձեռնված այն ծրագրերը, որոնք միտված են տվյալահեն կառավարման ներդրմանն ու համակարգային լուծումների կիրառմանը։
Սիոն Վընը նաև նշել է, որ Պեկինը պատրաստ է կիսվելու Երևանի հետ իր հաջողված փորձով և քաղաքային կառավարման ոլորտում կուտակած գիտելիքներով՝ նպաստելով երկու մայրաքաղաքների միջև համագործակցության խորացմանն ու արդյունավետ լուծումների փոխանակմանը։