5 րոպեի ընթերցում
ԱՆՈՆՍ
22 հոկտեմբեր, 2026
ՀՀ կառավարություն
Ժամը 11:00-ին Կառավարությունում տեղի կունենա ՀՀ կառավարության հերթական նիստը:
Պետական կառույցներ
Ժամը 09։00-ին «Հոլիդեյ ինն Երևան-Հանրապետության հրապարակ» հյուրանոցում /Պապ Թագավորի փողոց 2/ կկայանա «Հորիզոն Եվրոպա» ծրագրի՝ «Արհեստական բանականության ոլորտում հետազոտությունների և նորարարության ընդլայնում՝ Արևելյան գործընկերությունում գերազանցության ամրապնդման համար» («Widening AI Research and Innovation for Excellence in the Eastern Partnership-WARIE») նախագծի պաշտոնական մեկնարկի արարողությունը: Միջոցառմանը նախատեսվում է ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների, Հայաստանում հավատարմագրված դեսպանների, ԵՄ, գիտահետազոտական և բարձրագույն կրթության հաստատությունների, գործարար համայնքի ներկայացուցիչների, ինչպես նաև ոլորտի այլ շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությունը։ Միջոցառմանը նախատեսված է հետևյալ պաշտոնյաների մասնակցությունը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյան, ՀՀ ԲՏԱԱԲ նախարար Դավիթ Թադևոսյան, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոս, ՀՀ-ում Վրաստանի դեսպան Գեորգի Շարվաշիձե, ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյան։ WARIE-ն ԵՄ-ի «Հորիզոն Եվրոպա» ծրագրի շրջանակում ֆինանսավորվող քառամյա նախագիծ է, որն իրականացնում են Հայաստանի, Վրաստանի, Մոլդովայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Շվեյցարիայի և Շվեդիայի 13 գիտահետազոտական և բարձրագույն կրթության հաստատություններ։ 055 100 666:
Ժամը 11։00-ին «Մերիդիան» ցուցահանդեսային կենտրոնում /Ոսկերիչների փողոց 1, COP17-ի Կապույտ գոտում Հայաստանի տաղավար/ ԵՄ-ն, ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը (ՄԱԶԾ) և ՀՀ կառավարությունը պաշտոնապես կմեկնարկեն «ԵՄ-ն հանուն Սևանի կենսաբազմազանության պահպանության. Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման բարելավում» (EU4BiodiversityinSevan) ծրագիրը։ Միջոցառմանը կմասնակցեն ՀՀ կառավարության, ԵՄ-ի, ՄԱԶԾ-ի և գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Բացման խոսքով հանդես կգան՝ ՀՀ ՇՄ նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը և ՀՀ-ում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին։ Կներկայացվեն ծրագրի նպատակները և կքննարկվեն Սևանա լճի վերականգնմանն ու պահպանությանն ուղղված գործնական մոտեցումները։ Կանցկացվի նաև պանելային քննարկում՝ նվիրված քաղցրահամ ջրերի կենսաբազմազանության վերականգնմանը, համայնքների ու տեղական կայուն զարգացմանը, ինչպես նաև էկոհամակարգերի վերականգնման ֆինանսավորմանը:
Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ
Ժամը 11։00-ին «Հոլիդեյ ինն Երևան-Հանրապետության հրապարակ» հյուրանոցում /Պապ Թագավորի փողոց 2/ տեղի կունենա հանրային քննարկում՝ նվիրված Հայաստանում բնապահպան իրավապաշտպանների առջև ծառացած մարտահրավերներին, նրանց պաշտպանության միջազգային և ներպետական մեխանիզմներին, ինչպես նաև անհրաժեշտ օրենսդրական բարեփոխումներին։ Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի (COP17) անցկացման օրերին կազմակերպվող քննարկմանը կմասնակցեն միջազգային և հայաստանյան փորձագետներ՝ անդրադառնալով բնապահպանների նկատմամբ դատական հետապնդումներին, հանրային մասնակցության դեմ ուղղված ռազմավարական հայցերին (SLAPP), սպառնալիքներին և ճնշման այլ ձևերին։ Քննարկման բանախոսներ՝ Օրհուսի կոնվենցիայի ներքո բնապահպանների հարցերով հատուկ զեկուցող Միշել Ֆորսթ, «Մարդու իրավունքների տուն Երևան» իրավապաշտպանական կազմակերպությունների կոալիցիայի համակարգող Նվարդ Մարգարյան, բնապահպան իրավապաշտպան, փաստաբան, «Հայաստանի անտառներ» ՀԿ ղեկավար Նազելի Վարդանյան։ Քննարկումը կվարի բնապահպան Աննա Շահնազարյանը։ Քննարկման ընթացքում կներկայացվեն Օրհուսի կոնվենցիայով նախատեսված պաշտպանության մեխանիզմները: Բանախոսների ելույթներից հետո լրագրողները հնարավորություն կունենան ուղղելու իրենց հարցերը։
Ժամը 17։00-ին Արտաշատի Ամո Խարազյանի անվան դրամատիկական թատրոնի հրապարակում Արտաշատ խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական Դաշնակցությունը կանցկացնի ամփոփիչ հանրահավաք։ Միջոցառմանը կմասնակցի նաև ազգային երգերի կատարող Ներսիկ Իսպիրյանը։