ԹՐԻՓՓ-ով զենք-զինամթերք չի կարող անցնել․ Միրզոյանը խոսել է այդ հարցում Ադրբեջանի հետ առկա ըմբռնման մասին
2 րոպեի ընթերցում
ԹՐԻՓՓ-ով անխոչընդոտ անցնելու հնարավորությունը չի նշանակում, որ ցանկացած բեռ կարող է անցնել Հայաստանի տարածքով․ Հայաստանը պահպանում է որոշ բեռների փոխադրումն արգելելու իրավունքը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը։
Նախարարն Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ԹՐԻՓՓ նախագծի վերաբերյալ Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ստորագրված համաձայնագրի վավերացման հարցի քննարկման ժամանակ անդրադարձել է պատգամավորներից մեկի հարցին՝ կարո՞ղ է լինել այնպիսի բեռ, որի մուտքը Հայաստանի տարածք հայկական կողմը չթույլատրի։
«Բնականաբար, կարող է։ Մեր և Ադրբեջանի միջև էլ կա ըմբռնում այդ մասին, որ արգելված բեռը, օրինակ՝ զենք-զինամթերք, չի կարող անցնել»,– նշել է նախարարը՝ ընդգծելով, որ արգելված բեռների ցանկերը հայտնի են բազմաթիվ երկրների։
Նախարարը պարզաբանել է, որ անխոչընդոտ հաղորդակցություն ասելով՝ նկատի են առնվում արհեստական, սովորաբար քաղաքական դրդապատճառներով ստեղծվող խոչընդոտների վերացումը։
«Մաքսային, սահմանային իրավասությունների, օրենսդրության շրջանակներում արվող այդ բոլոր տրամաբանական գործողությունները խոչընդոտ չեն»,– շեշտել է Միրզոյանը։
ԹՐԻՓՓ-ը հայ-ամերիկյան ներդրումային նախագիծ է, որով պետք է ապահովվի Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի միջև անխոչընդոտ կապ՝ Հայաստանի տարածքով։