Չգիտեմ՝ դա որքանով գործընկերային կլինի. Միրզոյանը՝ ՌԴ-ի կողմից գազի գնի հնարավոր բարձրացման մասին
2 րոպեի ընթերցում
Ռուսական կողմի՝ գազի գինը հնարավոր միակողմանի բարձրացնելու հարցը պետք է դիտարկել հայ-ռուսական տնտեսական և ռազմավարական հարաբերությունների ամբողջ շրջանակում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտարարել է Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը։
Նախարարը հարց է բարձրացրել՝ նման քայլը որքանով գործընկերային կլինի և կարտացոլի երկու երկրների հարաբերությունները։
«Վնասներ՝ անշուշտ։ Եթե ռուսական կողմը որոշի հանկարծ գազի գինը բարձրացնել միակողմանի, չգիտեմ՝ դա որքանով է գործընկերային և արտացոլում մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ»,– ասել է նախարարը՝ պատասխանելով գազի հնարավոր թանկացման հետևանքների վերաբերյալ հարցին։
Նախարարը միաժամանակ ընդգծել է, որ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները չեն սահմանափակվում գազի գնով։ Նա հիշատակել է համագործակցության տարբեր ուղղություններ ու ռազմավարական նշանակության ակտիվներ՝ առաջարկելով հնարավոր քննարկումն անցկացնել ամբողջ հարաբերությունների շրջանակում։
«Հայաստան–Ռուսաստան տնտեսական և ռազմավարական բնույթի հարաբերություններում շատ գործոններ կան։ Վերցնել մեկ հատ բաղադրիչ՝ գազի գին ․․․ Ես առաջարկում եմ, որ եթե այդպես ենք նայում, գուցե ամբողջ սպեկտրով մի հատ ամբողջը քննարկենք, կմտածենք, կորոշենք, կհասկանանք»,– նշել է Միրզոյանը։
Նրա խոսքով՝ արդեն կա նախնական ընկալում, որ կողմերը պետք է միասին նստեն և գույքագրեն առկա հարաբերություններն ու համագործակցության բաղադրիչները։
Գազի հնարավոր թանկացման քննարկումները հաջորդել են հոկտեմբերի 20-ին ներկայացված՝ Հայաստանի նկատմամբ ԵԱՏՄ պայմանագրի գործողության հնարավոր կասեցման հետևանքների վերաբերյալ զեկույցին։ Դրա հեղինակների հաշվարկով՝ այդ սցենարի դեպքում Հայաստան գազի ներմուծման գինը կարող է հազար խորանարդ մետրի դիմաց 177,5 դոլարից հասնել 300 դոլարի՝ աճելով շուրջ 69 տոկոսով։