3 րոպեի ընթերցում
Հայաստանի՝ ԵԱՏՄ անդամակցությունը չի բացառում հարևան պետությունների հետ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացումը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով ԹՐԻՓՓ-ի սահմանային և մաքսային կարգավորումների՝ ԵԱՏՄ կանոններին համապատասխանության վերաբերյալ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սյուզաննա Ավետիսյանի հարցին։
ԱԳՄԱ նախարարը հայտարարել է, որ ԹՐԻՓՓ նախագծի և ԵԱՏՄ գործող կարգավորումների միջև հակասություն չի տեսնում։
Պատգամավորը հետաքրքրվել է նաև, թե ի՞նչ կլինի նախագծի հետ, եթե ԵԱՏՄ-ն ապագայում փոխի երրորդ երկրների բեռների տարանցման կարգավորումները։
«Քանի դեռ մենք ԵԱՏՄ անդամ ենք, այդ կարգավորումները մեզ համար գործում են։ Բայց, կարծես թե, ԵԱՏՄ բոլոր անդամներն էլ իրենց հարևանների հետ ունեն առևտրատնտեսական հարաբերություններ»,– նշել է Միրզոյանը։
Նախարարն ընդգծել է, որ գործող կարգավորումների միջև հակասություն չի տեսնում, իսկ դրանց հնարավոր փոփոխությունների հետևանքներին առաջարկել է անդրադառնալ, երբ նման փոփոխություններ լինեն։
Անդրադառնալով հաղորդակցությունների բացման տնտեսական նշանակությանը՝ Միրզոյանը կարևորել է Հայաստանի համար նոր շուկաներ հասնելու և ներպետական կապերն ընդլայնելու հնարավորությունը։
«Մենք ուզում ենք Ադրբեջանով գնալ Կենտրոնական Ասիա, Չինաստան և այնտեղից բեռ բերել։ Մենք ուզում ենք Նախիջևանով կապվել Իրանի հետ։ Սա պե՞տք է մեզ, թե՞ չէ։ Եթե այդ հարցի պատասխանն այո է, վերջ, պատմությունը վերջանում է այստեղ»,– ասել է նա։
Պատասխանելով դիտարկմանը, թե նախագծից Ադրբեջանի օգուտներն ավելի մեծ են՝ նախարարը նշել է, որ Ադրբեջանը ևս շահագրգռված է Հայաստանի տարածքով Նախիջևանի, Թուրքիայի և այլ ուղղություններով հաղորդակցությամբ։ Միրզոյանի խոսքով՝ Հայաստանի համար առաջնայինն այն է, որ հաղորդակցությունների բացումը շահավետ լինի երկրի համար։
Հոկտեմբերի 21-ին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում քննարկվում է Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ԹՐԻՓՓ նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը վավերացնելու նախագիծը։