ԱԳՄԱ նախարարը հույս է հայտնել, որ հայ-ռուսական աշխատանքային խումբը կգտնի երկաթուղու խնդիրների լուծումները
4 րոպեի ընթերցում
Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հույս է հայտնել, որ Հայաստանն ու Ռուսաստանը համատեղ աշխատանքային խմբի շրջանակում կգտնեն Հայաստանի երկաթուղու խնդիրների լուծումները։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Միրզոյանն այս մասին հայտարարել է Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանի հարցին։
Պատգամավորն անդրադարձել է հոկտեմբերի 14-ին «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ղեկավարի՝ Հայաստան կատարած այցին՝ հետաքրքրվելով երկաթուղու արդիականացման և ուղևորների սպասարկման բարելավման ուղղությամբ տարվող աշխատանքներով ու առաջընթացով։
Միրզոյանը նշել է, որ ռուսական կողմի հետ հանդիպումներ և քննարկումներ են տեղի ունեցել, ու պայմանավորվածություն կա եռամսյա աշխատանքի շրջանակում հասնելու լուծումների տարբերակների։
«Տեսնենք, սպասենք, հնարավորություն տանք հայաստանցի և ռուսաստանցի գործընկերներին այդ աշխատանքային խմբի շրջանակներում ինչ-որ լուծումներ գտնել։ Հուսով ենք՝ կգտնեն։ Չեմ ուզում առաջ անցնել»,– ասել է նախարարը։
Միրզոյանը համաձայնել է, որ Հայաստանի երկաթուղիներն արդիականացման կարիք ունեն։ Նրա խոսքով՝ միջազգային բեռնափոխադրումների մրցակցության պայմաններում ժամանակն ու հեռավորությունը կարևոր գործոններ են երթուղիների ընտրության հարցում։
«Այսօր մեծ լոգիստիկ շարժերի մեջ և մեծ շուկաների միջև շարժերի մեջ տնտեսվարողները ամեն ավել րոպեն և ամեն ավել կիլոմետրը գնահատում են և հաշվի են առնում՝ դրանից բխող, այո՛, աշխարհաքաղաքական հետևանքներով և ուղիների ընտրության հետևանքներով։ Հետևաբար, իսկապես ունենք մոդեռնիզացման կարիք, չեմ ժխտում»,– ընդգծել է նա։
Արձագանքելով սպասարկման որակի վերաբերյալ պատգամավորի դիտարկմանը՝ նախարարը հավելել է, որ Հայաստանի քաղաքացիներն ավելի լավ սպասարկման իրավունք ունեն և արժանի են դրան։
Միրզոյանը երկաթուղու խնդիրների լուծման անհրաժեշտությունը կապել է նաև տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման հնարավորությունների հետ։ Նա անդրադարձել է Երևանից Նախիջևանի տարածքով Մեղրի հասնելու երկաթուղային կապին՝ նշելով, որ անհրաժեշտ է վերականգնել նաև այդ փոխադրումների համար բացակայող ենթակառուցվածքները։
Նախարարի գնահատմամբ՝ Հայաստանն ունի միջազգային տրանսպորտային խոշոր ուղիների առանցքային հանգույցներից մեկը դառնալու պատմական հնարավորություն, որն իրացնելու համար անհրաժեշտ է լուծել առկա խնդիրները։
Հոկտեմբերի 14-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը և «Ռուսական երկաթուղիներ» ընկերության գլխավոր տնօրեն Օլեգ Բելոզյորովը քննարկել էին Հայաստանի երկաթուղիների մրցունակության բարձրացման, միջազգային ցանցին ինտեգրման, ինչպես նաև Գյումրի–Ախուրիկ–Թուրքիայի սահման և Երասխ–Նախիջևան հատվածների վերակառուցման հարցերը։ Կողմերը պայմանավորվել էին աշխատանքային խումբ ստեղծել, որը եռամսյա ժամկետում պետք է քննարկի բոլոր խնդիրներն ու դրանց լուծման տարբերակներ առաջարկի։