3 րոպեի ընթերցում
ԱՄՆ-ում գործունեություն ծավալող գործարար, TRIPP+ հիմնադրամի ղեկավար Կոնստանտին Սոկոլովը խոսել է Հայաստանում Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրը ձեռք բերելու և դրա շահագործման հետ կապված պլանների մասին։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Սոկոլովն այդ մասին խոսել է Bloomberg-ին տված հարցազրույցում՝ անդրադառնալով Հայաստանում և Հարավային Կովկասում իր գործունեությունն ընդլայնելու ծրագրերին։
Սոկոլովն ընդգծել է, որ Թեղուտի հանքավայրի վերագործարկումը կնպաստի Հայաստանի տնտեսական աճին ու անվտանգության մակարդակի բարձրացմանը։
Bloomberg-ը գործարարի հետ հարցազրույցի հրապարակման մեջ ընդգծել է, որ Թեղուտի հանքավայրի արտադրանքի մեծ մասն առայժմ արտահանվում է Չինաստան։ Սոկոլովը հարցազրույցում տեղեկացրել է, որ դեկտեմբերին նախատեսվում է նոր առևտրային պայմանագրերի միջոցով այդ հոսքերն ուղղել դեպի ԱՄՆ։
«Մենք ցանկանում ենք հասնել մի կետի, որ Թեղուտի հանքավայրը կարողանա մրցակցել համաշխարհային մակարդակում և կայուն արժեք ստեղծի տեղական համայնքի համար։
Այս գործարքի հիմնական նպատակներից մեկը Հայաստան-ԱՄՆ գործընկերության ամրապնդումն է»,- ասել է Կոնստանտին Սոկոլովը։
Սոկոլովը կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաստորագրումը՝ նշելով, որ դա տարածաշրջանի համար բացառիկ, փոխակերպող իրադարձություն է։
«Ես մեծ հետաքրքրություն ունեմ ընդլայնելու գործունեությունս ամբողջ տարածաշրջանում, քանի որ միշտ խորապես հավատացել եմ այստեղ առկա ներուժին։ ԱՄՆ-ը վստահություն է հայտնել իմ փորձին և անցած ուղուն՝ ինձ նշանակելով 201 միլիոն դոլար կապիտալով «Trans-Caspian Enterprise Fund»-ի (Անդրկասպյան ձեռնարկատիրական հիմնադրամ) ղեկավար։ Հիմնադրամը կենտրոնացած է տարածաշրջանում էներգետիկայի, տրանսպորտի և մասնավոր հատվածի զարգացման նախագծերի վրա։ Սա ներառում է կարևորագույն «Թրամփի ուղի» ենթակառուցվածքը և ավելի լայն՝ Անդրկասպյան առևտրային ուղին, որը Կենտրոնական Ասիան կապում է Հարավային Կովկասի և համաշխարհային շուկաների հետ»,- ասել է Կոնստանտին Սոկոլովը։
Հիշեցնենք, որ «Թեղուտ» ՓԲԸ-ն սեպտեմբերին հայտարարել էր, որ հանքավայրի նոր սեփականատերը՝ ԱՄՆ-ում գրանցված Dynamic Frontier Holdings LLC ընկերությունը մտադիր է շարունակել մեծությամբ երկրորդ պղնձի հանքավայրի շահագործումը՝ միաժամանակ ներդրումներ կատարելով արդիականացման ուղղությամբ, որպեսզի ապահովի երկարաժամկետ օգուտներ Հայաստանի բնակչության համար և խթանի տնտեսական աճը։